
«Ազատություն» 6-4-2009- «Ես իմ տեսակետները չեմ փոխել», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման` այսօր Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ Բարաք Օբամայի համատեղ ասուլիսի ընթացքում հնչած երկու հարցերից մեկը Chicago Tribune թերթի թղթակցի հետեւյալ հարցն էր. - «Որպես սենատոր դուք եղել եք ամերիկահայերի կողքին, կողմ եք եղել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ասում էիք, որ որպես նախագահ կճանաչեք ցեղասպանությունը: Արդյոք փոխե՞լ եք ձեր տեսակետը»:
Միացյալ Նահանգների նախագահը արձագանքել է. - «Ես իմ տեսակետները չեմ փոխել: Ինձ ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլա Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում` այս մի խնդրի լուծումը: Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են եւ կարող են շատ շուտով արդյունքի հանգեցնել: Այս պայմաններում ես կուզեի կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք եւ հայ ժողովուրդների տեսակետների վրա: Եթե նրանք կարող են առաջ շարժվել` լուծելով իրենց ողբերգական ու դժվարին պատմության խնդիրները, այս պայմաններում ողջ աշխարհը նրանց պետք է աջակցի: Ես նախագահին ասացի, որ ցանկանում եմ որքան հնարավոր է կառուցողական դիրք բռնել, որպեսզի այս հարցերը արագորեն լուծվեն: Իմ զգացողությունն այնպիսին է, որ այդ գործընթացները արագորեն են զարգանում: Ես կուզեի նաեւ ասել, որ այս բոլոր խնդիրների լուծման ընթացքում մենք համագործակցելու ենք, որպեսզի ամենակարեւոր կողմերը` թուրքերն ու հայերը կարողանան կառուցողաբար հանգել ընդհանուր հայտարարի: Իմ ցանկությունը մեկն է` քաջալերել նախագահ Գյուլին, որպեսզի նա առաջ շարժվի այս արդեն իսկ արդյունավետ բանակցությունների ճանապարհով: Ես չէի ցանկանա, որպեսզի Միացյալ Նահանգները թեքվեին դեպի այս կամ այն բանակցային կողմը, քանի դեռ նրանք արդյունավետ բանակցությունների փուլում են»:
Այսօր ավելի ուշ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում` Բարաք Օբաման կրկին անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների խնդրին` մասնավորապես, հայտարարելով. - «Ես գիտեմ այն կոշտ հայացքների մասին, որ առկա են այս խորհրդարանում` կապված 1915 թվականի սարսափելի իրադարձությունների հետ: Հայ եւ թուրք ժողովուրդների համար, սակայն, առաջընթացի լավագույն ուղին աշխատանքն է անցյալի վրա` թափանցիկ, ազնիվ ու կառուցողական աշխատանքը: Մենք դարձանք հայ եւ թուրք առաջնորդների պատմական ու ոգեւորիչ քայլերի ականատեսը: Այս շփումները նոր օր են խոստանում մեզ: Սահմանի բացումը հայ եւ թուրք ժողովուրդներին կվերադարձնի բարեկեցիկ ու խաղաղ գոյակցության, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Այնպես որ, ես ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք` Միացյալ Նահանգները միանշանակորեն սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Սա հուշում է թուրքական ղեկավարությանը, որ այդ դեպքում ձեր երկիրը կդառնա տարածաշրջանի միակ պետությունը, որը խաղաղ ու բնականոն հարաբերություններ կունենա հարավկովկասյան բոլոր երկրների հետ: Այս խաղաղությանը հասնելու համար դուք կարող եք կառուցողական դեր խաղալ` նպաստելով Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, մի խնդիր, որը բավական երկար ժամանակ է արդեն, ինչ շարունակվում է»:
Ինչպես Սենատում իր գործունեության ընթացքում, այնպես էլ նախագահական ընտրարշավում Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին:
2008-ի հունվարին Օբամայի քարոզարշավի կայքէջում, մասնավորապես նշվում էր. - «Հայոց ցեղասպանությունը մեղադրանք չէ, ոչ էլ անձնական կարծիք կամ տեսակետ: Սա լայնորեն վավերագրված փաստ է, որի օգտին խոսում են պատմական բազմաթիվ վկայություններ: Ամերիկան արժանի է ունենալ այնպիսի առաջնորդ, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին, եւ ով վճռականորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել հենց այդ նախագահը»:
Միացյալ Նահանգների նախագահը Անկարա է ժամանել երեկ ուշ երեկոյան, իսկ այսօր առավոտյան այցելել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դամբարան: Պատվավոր հյուրերի համար նախատեսված հատուկ մատյանում Օբաման հետեւյալ գրառումն է արել. - «Ես ակնկալում եմ, որ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կամրապնդվեն, իսկ Քեմալ Աթաթուրքի ցանկությունը` Թուրքիան տեսնել ժամանակակից ու բարգավաճ ժողովրդավարական պետությունների շարքում, իրականություն կդառնա»:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
No comments:
Post a Comment