
HayInfo.7-4-2009- Մենք միշտ կողմանակից ենք եղել հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններին։ Ե՞վ, ինչո՞վ են դրան պատասխանում մեր հարևանները։ Այսօր լուրջ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում, որոնց զուգահեռ մեկ քողարկված, մեկ բացահայտ հակահայկական քարոզչություն է իրականացվում։ Ռեգիոնալ խնդիրների օրակարգում հայ-թուրքական սահմանի բացման հարցն է։ Այս առումով հասկանալի է Ադրբեջանի քարոզչամեքենայի ակտիվացումը. Հայաստանն ու հայերը աշխարհին հերթական անգամ ներկայացվում են, որպես տարածաշրջանը ապակայունացնող գործոն։ Մենք դրան սովորել ենք՝ ուշադրություն չդարձնելով մեր ազգային արժանապատվությունը վիրավորող ադրբեջանա-թուրքական պետական և «փորձագիտական» շրջանակների կողմից տրվող գնահատականներին։ Իսկ դրանք էլ ավելի են ծավալվում, և ստացվում է, որ Հայաստանը վատ հարևան է՝ «խանգարում է տարածաշրջանի զարգացմանը և այլն»։ Այդ մասին հաղորդում է 7օրԱպրիլի 1-2-ը պաշտոնական այցով Վրաստան էր ժամանաել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Արձագանքելով իր վրացի գործընկերոջ այն հայտարարությանը, թե ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերության փաստը հաստատված է՝ Մամեդյարովը ասել է հետևյալը. «Ավելի լավ է լինել լավ հարևան, քան հարևաններին անախորժություններ պատճառել»։ Վրացական լրատվամիջոցները մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի այս արտահայտությունը՝ նշել էին, որ ակնարկն այս, ամենայն հավանականությամբ, վերաբերում էր Հայաստանին։ Վրաստանի հետ մեր հարաբերությունները բարիդրացիական են։ Հաճախ դրանք որակվում են որպես եղբայրական։ Համենայնդեպս, Հայաստանը, չնայած Ջավախքում խորացող խնդիրներին, միշտ էլ նրբանկատ է եղել Վրաստանին և վրացիներին առնչվող ցանկացած հարցում։ Ապացույցը՝ թե՛ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ, թե ռուս-վրացական ներկայիս հարաբերությունների հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշումն է։ Նույնը միանշանակ կարելի է ասել մեր քաղաքական, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների մասով. հակավրացական ոչ մի արտահայտություն, ոչ մի դիտարկում, էլ չեմ ասում ծավալուն վերլուծություն։Ցավոք, նույնը չես ասի հակառակ կողմերի մասին։ Ադրբեջանական մամուլը, կրկին անդրադարձել է վրացի գրող Սերգի Սաջայայի Day.az-ին տրամադրած «վերլուծությանը»։ Այն ոչ թե հակահայկական է, այլև պարզապես ատելությամբ լցված։ Մեկ, երկու մեջբերում՝ որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է վերաբերվում վրացի «մտավորականը» հայերին ու Հայաստանին. «...Հայերը առյուծ չեն, նրանք շնագայլ են և սպասարկում են հզոր ազգերի շահերը», «...հայերը ավելի վատն են, քան մոնղոլ-թաթարական լուծը», «...Վրաստանում հայերի գիշատիչ քաղաքականությունը արտահայտվում է վրացական բոլոր խորհրդանիշների՝ եկեղեցու, այբուբենի, արքաների, տարածքների...իրենց վերագրմամբ...Ցավոք, մեր հանդարտությունն ու հանդուրժողականությունը վերաճել է հիմարության։ Ժամանակն է ձայն բարձրացնել»...Սաջայան սրանով չի սահմանփակվում. նա հայերին է վերագրում տարածարջանում առկա գրեթե բոլոր խնդիրների առաջացումը։ Հասկանալի է, որ այս անհեթեթությունը ոչ մի կապ չունի Հայաստանի և հայերի հարցում Վրաստանի ունեցած դիրքորոշման հետ։ Սակայն նման, թեկուզև հատուկենտ դիտարկումները, կարող են որոշակի հասարակական տրամադրություններ առաջացնել, առավել ևս, որ դրանք բացահայտ կերպով խրախուսվում են մեր մյուս երկու հարևանների կողմից։ Արդյո՞ք պետք է ինչ-որ ձևով արձագանքել դրանց։ Չեմ կարող ասել։Վախթանգ Մարգարյան
No comments:
Post a Comment