
HayInfo 6-4-2009- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի Անկարայում հայտարարեց, որ կողմ է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների հետագա նորմալացմանը, սակայն միաժամանակ ավելացրեց, որ չի փոխել իր անձնական հայացքները 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։Նախընտրական քարոզարշավի ընթացքում Օբաման ասել էր, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը, երբ սպանվեց մոտ 1,5 միլիոն հայ, պատմական փաստ է համարում։«Իմ հայացքներն այս հարցով գրանցված են և չեն փոփոխվել»,- ասաց ԱՄՆ նախագահը թուրք գործընկեր Աբդուլա Գյուլի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։Միաժամանակ նա կողմ հանդես եկավ Թուրքիայի և Հայաստանի միջև տարվող բանակցություններին, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների նորմալացմանը և անցկացվել են Շվեյցարիայում՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում:«Ես հետևում եմ ընթացող բանակցություններին, որոնք մոտ ժամանակներս կարող են պտուղներ տալ»,- ավելացրեց Օբաման։Ըստ նրա՝ «կարևոր է, որպեսզի թուրքերն ու հայերը կառուցողականորեն առաջ ընթանան դեպի միևնույն կետը»։Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը:Երևանում հայտարարում են, որ պատրաստ են հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։
No comments:
Post a Comment