
Lragir 10-4-2009- Ոստիկանությունը յուրօրինակ նշեց Սերժ Սարգսյանի երդմնակալության տարեդարձը, ցույց տալով, թե իրականում Սերժ Սարգսյանի նախագահությունն ում համար է այս երկրում ապահովել դրության տերը լինելու հնարավորությունը: Երկու օր շարունակ, չգիտես ինչի համար, ոստիկանները հալածում էին քաղաքի կենտրոնում տեղի ունեցող “քաղաքական” խաղաղ զբոսանքի մասնակից քաղաքացիներին, որոնք, ինչպես հայտնի է, ընդդիմության համակիրներ են եւ այդ միջոցով նաեւ իրենց դժգոհությունն են արտահայտում երկրի վիճակից:
Ինչպես ոստիկանության ամեն մի գործողություն, այս մեկն էլ առաջացնում է այն հարցը, թե արդյոք ոստիկանությանը ավելի վերեւից, այսինքն կամ նախագահի նստավայրից, կամ Ազգային Ժողովից, կամ ծայրահեղ դեպքում կառավարությունից է իջեցվել զբոսանքի մասնակիցներին խոչընդոտելու հրահանգը, թե ոստիկանությունը պարզապես ինքնուրույն է այդ ամենը նախաձեռնել, ելնելով ինչ-ինչ մասնագիտա-քաղաքական հաշվարկներից: Հավանական է նաեւ ոստիկանությունը մտածել է, որ կարելի է նախագահության տարեդարձի կապակցությամբ նվեր մատուցել Սերժ Սարգսյանին` գեղեցիկ հիշողության տեսքով, նրա մտապատկերում վերակենդանացնելով մեկ տարի առաջվա Երեւանի կենտրոնը, ուր միայն ոստիկաններն էին ու Սերժ Սարգսյանը, եւ մեկ էլ Օպերայի դահլիճում նրան շնորհավորելու եկած վերնախավը:
Սակայն եթե խնդիրը այդօրինակ նվերը լիներ, ապա գուցե ամեն ինչ ճշտությամբ վերարտադրելու համար ոստիկանությունը նախ դիֆտով կփակեր Օպերայի բակի փոսը, կարմիր գորգ կփռեր, մի քանի ժամով հետ կբերեր Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանները, վերնախավին կտեղավորեր Օպերայի դահլիճում եւ Սերժ Սարգսյանին կզեկուցեր, որ ամեն ինչ պատրաստ է եւ կարելի է գալ ու հիշել: Իսկ թե հիմա ինչ են զեկուցել Սերժ Սարգսյանին, հայտնի չէ: Բայց հետաքրքիր է: Հետաքրքիր է այն իմաստով, թե ինչպես է ոստիկանությունը Սերժ Սարգսյանին բացատրել նախագահության տարեդարձի օրերը եւ հարակից օրերին Երեւանի կենտրոնում իրականացրած ռեպրեսիաները խաղաղ զբոսարարների նկատմամբ:
Հնարավոր է նաեւ, որ Սերժ Սարգսյանն է ոստիկանությանը բացատրել, թե ինչու նրանք պետք է անեն այդ բանը, այսինքն ինչու նրանք պետք է այդ օրերին խոչընդոտեն զբոսանքները: Հավանական է նաեւ, որ թե Սերժ Սարգսյանը, թե ոստիկանությունը, ոչինչ էլ չեն հասկացել իրարից, իսկ եթե իշխանությունը սկսում է ոչինչ չհասկանալ, ապա անմիջապես դիմում է բռնությունների, համենայն դեպս վախեցնելու համար: Սակայն դա չի նշանակում, որ այն ամենը, ինչ անում են, այսինքն ռեպրեսիաները, անում են չհասկանալով: Իհարկե ոչ: Անում են ինչ որ բան չհասկանալուց, բայց արածը` միանգամայն հասկանալով: Իսկ եթե քաղաքացիները ինչ որ բան չեն հասկանում այդ ամենից, դա արդեն իրենց խնդիրն է: Հասկանալու համար պետք է ոչ թե զբոսնել, այլ նստել տանն ու հեռուստացույց նայել ու տեսնել, թե ինչ հրաշալի առաջընթաց է ունեցել երկիրը Սերժ Սարգսյանի նախագահության մեկ տարվա ընթացքում: Թե չէ դուրս են գալիս փողոց, զբոսնում են քաղաքական նպատակներով ու խանգարում են իշխանությանն իրականացնել աղբահանության վեհ առաքելությունը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
No comments:
Post a Comment