Thursday, April 9, 2009

ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ «ԱՎԵԼԻ ԶՈՒՍՊ ԼԻՆԵԼ» ԵՎ ՉԳՆԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ

Panorama.am - 8-4-2009- «Հայ-թուրքական սահմանի բացման հարցը քննարկվել է ԵՄ ներսում և մենք խնդրել ենք նաև, որպեսզի լրջորեն ուսումնասիրվեն բոլոր սոցիալական ու տնտեսական հետևանքները, որոնք կարող են հետևել այդ սահմանի բացումից հետո»,- այսօր լրագրողների հետ նհանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Մարի Անն Իզլեր Բեգենը:«Մենք ուզում ենք, որ ամեն գնով դա տեղի ունենա, նույնիսկ պատրաստվել էինք գնալ սահման և հանդիպել մեր գործընկերների հետ սահմանի մյուս կողմում, սակայն մեզ խորհուրդ տվեցին ավելի զուսպ լինել, թողնել, որպեսզի հայ-թուրքական բանակցությունները ընթանան իրենց հունով և հետո միայն անել նմանատիպ քայլ»,- նշեց նա, հավելելով, որ սահմանի բացումը կարող է դրական ազդեցություն ունենալ ոչ միայն Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի, այլ նաև Թուրքիայի վիճակի, մասնավորապես նրա արևելյան աղքատ շրջանների վրա:Հարցին, թե եթե ԵՄ-ն վստահ է, որ հայ-թուրքական սահմանը պետք է անպայման բացել, էլ ինչո՞ւ է ուսումնասիրում սահմանի բացման հետևանքները, Եվրոպական խորհրդարանի անդամ Մարի Անն Իզլեր Բեգենը պատասխանեց. «Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, որպեսզի ներկայացնենք այն Եվրամիությունում, ցույց տանք ու ապացուցենք, թե որքան անհրաժեշտ է սահմանի բացումը, թե որքան իրավացի էինք մենք, երբ խոսում էինք սահմանը բացելու անհրաժեշտության մասին»:Իսկ կարող է ԵՄ-ն երաշխիքներ տալ, որ սահմանը բացվելու դեպքում այն չի դառնա թմրամիջոցների տեղափոխման երթուղի, հարցին էլ արձագանքեց. «Եթե ԵՄ-ն կարողանար նման երաշխիքներ տալ, նա դա թույլ չէր տա առաջին հերթին ԵՄ տարածքում»: Նա նաև հավելեց, որ եթե իրենք այդկերպ մտածեին ու հնարավոր վտանգից խուսափելու լուծումը տեսնեին սահմանը փակ պահելու մեջ, ապա պետք է շատ ու շատ երկրների առաջ փակեին ԵՄ երկրների սահմանը:Նույն հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, պատգամավոր Ավետ Ադոնցն էլ նույն խնդրի առնչությամբ ընդգծեց. «Սահմանը փակվել է առանց հիմնավորումների ու այն պարտադիր պետք է բացվի»:

No comments: