Wednesday, April 8, 2009

ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՓՈՐՁԵՑ ԼԻՆԵԼ ՊՐՈԱԿՏԻՎ»

7-4-2009 - «Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունն այս մեկ տարում, կարելի է ասել, փորձեց լինել պրոակտիվ այն իմաստով, որ քաղաքականության մեջ առաջացած մարտահրավերներին ոչ միայն արձագանքեց, այլ նաև փորձեց քաղաքականության իրականացման մեջ լինել նախաձեռնող»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա, թեև տարին սկսվել է ճգնաժամով, բայց իշխանությունները դրսևորել են քաղաքական կամք` ուղղված իրավիճակի նորմալիզացմանը, ինչպես նաև իշխանությունը փորձել է ստեղծել համապատասխան համագործակցային դաշտ` ձեռք մեկնել այն ուժերին, որոնք պատրաստ են եղել համագործակցությանը: Կոալիցիայի մասին քաղաքագետը նշեց. «Մենք կարող ենք արձանագրել, որ կոալիցիայում ներկա են ավելի շատ անդամներ, մասնակիցներ, գործակալներ, քան թե անհրաժեշտ է համապատասխան կոալիցայի ձևավորման համար: Դա եղել է փորձ` ուժեղացնել լեգիտիմացումը, լեգիտիմացնել այս իշխանությունը»,- ընդգծեց բանախոսը: Ըստ քաղաքագետի, Հայաստանում այս պահին ներքաղաքական բավականին կայուն իրավիճակ է ստեղծվել, որը կարելի է որակել որպես «հանգիստ ուժ»: «Մենք նաև կարողացանք խուսափել պայթյունից, որը շատերն էին ակնկալում: Դա տեղի չի ունեցել և հաջորդ մարտահրավերը, որին հանդիպելու է իշխանությունը, մայիսի 31-ի Երևանի քաղաքապետի ընտրություններին են»,- ասաց քաղաքագետն ու հավելեց, որ նախ` ընտրությունների նշանակությունը պայմանավորված է նրանով, որ հերթական անգամ մեդիա մակարդակի վրա տեղի են ունենալու ընտրազանգվածի կարծիքների ներկայացում, ինչպես նաև ընդդիմության համար լավագույն փորձն է մինչև խորհրդարանական և նախագահական ընտրություններ տեսնել` ինչ պոտենցիալ ունի հատկապես Երևանում: Աղբյուր` Panorama.am

No comments: