
«Ազատություն» 25-5-2009- Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը երկուշաբթի հայտարարել է, որ այս տարի Հայաստանի տնտեսական անկումը կարող է հասնել 7-8 տոկոսի, ինչը զգալիորեն ավելի է Կենտրոնական բանկի կողմից վերջերս հրապարակված 5.8 տոկոս անկման ցուցանիշից:Ելույթ ունենալով «Հայաստան. Դիմակայելով համընդհանուր աղետին» անվանմամբ տնտեսագիտական ֆորումում` Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող դրամավարկային եւ մակրոտնտեսական քաղաքականությունը:«Մեր կարծիքով, տնտեսության ավելի խորը անկում սպասել պետք չէ: Ամենայն հավանականությամբ, կարելի է սպասել 7-8 տոկոս տնտեսական անկում՝ տարվա կտրվածքով», - իր ելույթում ասաց Վաչե Գաբրիելյանը:Ավելի ուշ, պարզաբանումներ տալով «Ազատություն» ռադիոկայանին, Գաբրիելյանը նշեց, որ Կենտրոնական բանկը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների եւ սպասվող անկման մասին գնահատականներով եւ այս տարի արդեն երկու անգամ հանդես է եկել համապատասխան կանխատեսումներով:«Առաջինում [տնտեսական անկման] մեր գնահատականը միջինում 2.9 էր, հիմա 5.8 է, երրորդում կարող է ավելի ցածր լինել: Ամեն դեպքում, մենք հստակեցնում ենք, որ երկրորդ կիսամյակը լինելու է շատ ավելի արդյունավետ, որովհետեւ էական մեծ հոսքեր ուղղվելու են տնտեսություն», - ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահը:Մայիսին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանում գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 9.7 տոկոսով, ընդ որում տնտեսական անկման տեմպերն արագացել են ապրիլ ամսվա ընթացքում:Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս ամիս նույնպես հանդես էր եկել Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին կանխատեսմամբ` նշելով, որ Հայաստանի տնտեսությունն այս տարի կկրճատվի 5 տոկոսով: Միաժամանակ, ԱՄՀ-ն հերթական անգամ աջակցություն էր հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ռազմավարությանը։
No comments:
Post a Comment