
Tert.am.13-5-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդիականությունը սկսեց աճել Սահակաշվիլիի օգոստոսյան գործողություններից հետո: Այս մասին «Время новостей» ինտերնետ-հրատարակությունում գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադմիր Կազիմիրովը:
Նա նշում է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի ակտիվացումը կարգավորման գործընթացում:
«Մի շարք դժվարություններ դեռևս հաղթահարված չեն: Ադրբեջանցիների և հայերի, այդ թվում նաև ղարաբաղցիների շրջանում փոխզիջումների գնալու պատրաստականություն չկա: Առաջնորդները նույնպես նրանց չեն պատրաստում զիջումների: Մի շարք հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները մնում են միմյանց բացառող»:
Ղարաբաղյան նոր պատերազմը վերջնականապես կարմատավորի երկու ազգերի միջև թշնամությունը, անկանխատեսելի հետևանքներ կթողնի միջազգային հարաբերությունների ոլորտում` չասելով մեծաքանակ զոհերի և ավերածությունների մասին, շարունակում է Կազիմիրովը:Նա ընդգծում է, որ Մոսկովյան հռչակագրի կարևորության հետ մեկտեղ` հակամարտության կարգավորման համար իրավաբանորեն պարտադրող փաստաթուղթ է անհրաժեշտ:
«Դա հարկավոր է, որպեսզի սթափեցնի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծել ցանկացողներին: Հարկավոր է համաձայնություն կնքել ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհին ուժի կիրառումը բացառելու մասին: Բաքուն դժվար թե գնա նման համաձայնագրի ստորագրման, սակայն այս առաջարկությունը, ինչպես նաև դրանից խուսափելը, կսառեցնի «տաք գլուխներին»` հաշվի առնելով Սահակաշվիլիի գործողությունների փորձը»:
Միջազգային երաշխիքները, նրա խոսքերով, հայերին կզրկեն Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին պահելու անհրաշեժտությունից:
«Դա կարևոր է նաև համաձայնագրի պահանջները չկատարվելու դեպքում (ասենք, օրինակ, Լեռնային Ղարաբաղում հանրաքվ» անցկացնելու վերաբերյալ):
Հարկավոր է բոլոր կողմերին խաղաղությունը պարտադրել, սակայն միայն քաղաքական միջոցներով:
«Ղարաբաղում խաղաղարար գործողությունների անցկացումն անհրաժեշտության դեպքում նույնպես պետք է խաղաղության պարտադրում նախատեսի»,- եզրափակել է նախկին համանախագահը:
No comments:
Post a Comment