Wednesday, May 13, 2009

«Իրատեսական չէ, որ Ղարաբաղի հարցը կլուծվի այս իշխանությունների օրոք», հայտարարել է Դավիթ Շահնազարյանը

Tert.am.12-5-2009- Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքած զինադադարի 15 տարին: Այդ թեմայի շուրջ այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսել են ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը և նախկին արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը: «Դա եռակողմ զինադադար էր` կնքված Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Եվ ակնհայտ է, որ այն ժամանակվա երկար աշխատանքի, երկար բանակցությունների արդյունքում ձեռք բերված բազմաթիվ հաջողությունների, նվաճումների, ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործում, սա միակն է, որ այսօր պահպանվել է։ Ես խոսում եմ քաղաքական դիվանագիտական ձեռքբերումների, ոչ ռազմական, որովհետև մյուս բոլոր արդյուքնները, որոնք կային, այս վերջին 11 տարվա ընթացքում ամբողջովին փոշիացել են»,- նշեց Դավիթ Շահնազարյանը: «1994թ. դեկտեմբերին Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ամրագրվեց եռակողմ ձևաչափը և հետագա բոլոր բանակցությունները մինչև 1997 թ. ընթացել են եռակողմ ձևաչափով: Այսօր, ցավոք, 10 տարուց ավելի այս ձևաչափը մոռացության է մատնված և դա է հիմնական պատճառը, որ դիվանագիտական ասպարեզում Ղարաբաղի խնդրում չի արձանագրում հաջողություններ, ավելին` ցավոք դիվանագիտական ասպարեզում հենց այս պատճառով ` Ղարաբաղը դուրս է մղված և մենք տեսնում ենք ձախողումներ»,- նշեց Վահան Փափազյանը: Խոսելով նաև իշխանությունների կողմից Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցությունների գաղտնիությանը, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ դիվանագիտությունն իր մեջ գաղտնիություն պարունակում է, բայց այսօր բանակցությունների բուն գաղափարախոսությունն է գաղտնի պահվում: Այս աստիճանի գաղտնիությունը Շահնազարյանն անընդունելի է համարում: Վահան Փափազյանն էլ նշեց, որ գաղտնիությունը գաղտնիություն, բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ մեր հասարակությունը իշխանություններին չի վստահում:Ինչ վերաբերում է նրան, որ այսօր Ղարաբաղը դժգոհություն է հայտնում բանակցային կողմ չլինելու պատճառով, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ եթե Ղարաբաղը ցանկանում է մասնակցել բանակցություններին, ապա պիտի հայտարարի, որ Հայաստանն իրեն չի ներկայացնում: «Պրոցեսը, ցավոք, այնքան է խորացել, որ այս իշխանությունների օրոք իրատեսական չէ, որ Ղարաբաղի հարցը կլուծվի: Իսկ եթե Պրահայի հանդիպման ժամանակ ամեն ինչ համանաձայնեցված չէ, ապա դա նշանակում է, որ ոչինչ համաձայնեցված չէ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

No comments: