Sunday, May 24, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԵՐԻԱԼԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

«Ազատամտություն» 22-5-2009- Հայ-թուրքական հարաբերությունները միշտ էլ անառողջ հետաքրքրություն են առաջացրել բնակչության այն մասի մոտ, ում ընդունված է ախմախներ անվանել: Սակայն նախագահ Սարգսյանի նախաձեռնած երկխոսության սրընթաց զարգացման սկզբից ևեթ յուրաքանչյուրն իր պարտքը համարեց արտահայտել, այսպես ասած, յուրօրինակ տեսակետ: Ընդ որում` որքան հիմար է արտահայտված միտքը, այնքան ավելի լավ դրա հեղինակի համար, քանի որ ամբոխի աչքում, ինչպես նրան է թվում, հեղինակություն է ձեռք բերում: Ցավոք, այդպես էլ լինում է իրականում, քանի որ հայ-թուրքական հարաբերություններն ի սկզբանե ենթարկված են անառողջ շահարկումների, ինչից էլ հմտորեն օգտվում են քաղաքական պարազիտները: Բայց սկզբում կուզեի խոսել հարցի նախապատմության և հարևան պետությունների հարաբերությունների մասին: Դրանք պետք է նորմալ լինեն, եթե պետությունների միջև տարածքային, դավանական և էթնիկ անհարթելի հակասություններ չկան: Թուրքիայի հետ մենք նման հակասություններ չունենք. կա միայն ազգային գիտակցության մեջ արմատացած անցյալի ողբերգությունը: Սակայն այդ պահը չպետք է խոչընդոտի հարաբերությունների վերականգնմանը: Անցյալը պետք է հիշել, բայց չի կարելի թույլ տալ, որ այն խանգարի մեզ ապրել այսօր: Համենայնդեպս, այդպես է հուշում առողջ բանականությունը: Բայց խնդիրն այն է, որ հենց Թուրքիան է հայերի կողմից ընկալվում որպես ազգային ողբերգությունների ամենամեծ մեղավոր: Թե ինչո՞ւ է այդպես` հայտնի չէ: Հավանաբար, պատճառը հայերի իռացիոնալիզմն է: Եթե չենք ներում պատմական նեղացնողներին, ապա առաջին հերթին պետք է թշնամանքով վերաբերվել Իրանին, քանզի հայտնի է, որ հայերը պատմության մեջ ամենից շատ տառապել են պարսիկների ձեռքից. չմոռանանք այն փաստը, որ մինչև Ռուսաստանին Արևելահայաստանի միացումը, այդ տարածքում (բացի Սյունիքից և Արցախից), պարսիկների շնորհիվ, հայեր գրեթե չէին մնացել, և միայն ռուսական կառավարության ու, մասնավորապես, Գրիբոյեդովի ջանքերով ժողովուրդը հնարավորություն ստացավ վերաբնակվել պատմական հայրենիքում: Իսկ այսօր հայերի վերաբերմունքը Իրանի նկատմամբ ավելի քան բարյացակամ է (դա, ի դեպ, նորմալ է), ինչը չես ասի Թուրքիայի մասին: Այսպիսով, ապրիորի համաձայնենք, որ հարևանների միջև վատ հարաբերություններ չպետք է լինեն: Աշխարհում հենց այդպես էլ կա, հակառակ պարագայում այսօր մենք համընդհանուր թշնամանք կունենայինք, քանի որ աշխարհում չկա մի պետություն, որ կռված չլինի հարևանների հետ և մեկը մյուսին չարիք պատճառած չլինի: Նախագահ Սարգսյանը, պրագմատիկ լինելով, նախաձեռնեց հայ-թուրքական բանակցությունների աշխուժացումը` լավ գիտակցելով ներկա իրավիճակի անհեթեթությունը և որպես գլխավոր նպատակ ունենալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Սկզբում նա թուրք առաջնորդին հրավիրեց ֆուտբոլային խաղի, այնուհետև թափ հաղորդվեց փակ բանակցություններին Շվեյցարիայի միջնորդությամբ: Արդյունքը` ապրիլի 22-ին ստորագրվեց մտադրությունների մասին համատեղ հռչակագիրը: Եթե հարցին չմոտենանք իդիոտի, նախագահ Սարգսյանի անձնական թշնամու կամ էլ դիվերսանտի տեսանկյունից, ապա այստեղ դատապարտելի որևէ բան հայտնաբերելն անհնար է: Սակայն հայկական քաղաքականության մեջ բանականությունն ու առաքինությունը գործնականում տեղ չունեն, և արտաքին քաղաքականության մեջ էլ նախագահը լուրջ ընդդիմախոսներ ունի: Նրանց կարելի է բաժանել երեք խմբի. Տեր-Պետրոսյանի աղանդը և նրան հարող քաղաքական ուժերը (ներառյալ «Ժառանգությունը»), դաշնակցականները և մյուս կեղծ նացիոնալիստները, կասկածելի հավակնություններով ու հովանավորներով պաշտոնանկների մի խառնամբոխ: Ինչի՞ց են դժգոհ քաղաքացիների հիշյալ կատեգորիաները հայ-թուրքական երկխոսության գործընթացում: Ասում են, իբր, նախապայմանները շատ են, իբր Սարգսյանը զիջումների է գնացել, տեղի է տվել ճնշմանը և այլն, և այլն: Ճիշտ չէ: Սարգսյանը 100 անգամ ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի նախապայման էլ չունի և ոչ մի կերպ կապված չէ Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Անօգուտ է: Պարազիտին նրա համար են պարազիտ անվանում, որ միշտ գտնում է` որտեղ և ինչով պարազիտություն անի: Հետո գալիս է հարցի էմոցիոնալ կողմը: Դաշնակցականներն ու նացիոնալիստական մնացած խառնամբոխը դժգոհ են կարգավորման գործընթացից, քանի որ այդկերպ հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը: 1920թ. դաշնակցականները թուրքերին առաջարկում էին եղբայրական միություն ռուսների դեմ, իսկ այսօր` 2009-ին, համարում են, որ այդ կերպ չի կարելի վարվել: Երկար են խոսում դաշնակցականները, վերլուծում են, կանխատեսում, խորհրդածում, բայց այնուամենայնիվ հանգում են զուտ դաշնակցական եզրակացության, որի էությունը հայտնի է բոլորին, այնպես որ, չենք մեկնաբանի: Եվ պիկետներ են կազմակերպում թուրք առաջնորդի գալստյան օրը: Ֆյուրեր Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը կարելի է հասկանալ. հո չի՞ կարող ողջունել Սարգսյանի քաղաքականությունը, անկախ նրանից, թե ինչպիսին է այն, և նրա ցանկացած քայլ սվիններով է ընդունում: Դա, իհարկե, բնական է, և նրանից ադեկվատ արձագանք սպասել չի կարելի: Բայց էլ ավելի մեծ զարմանք են առաջացնում Վարդանիկի (Օսկանյանի) հայտնությունները: Թե ի՞նչ է կատարվում նրա հետ պաշտոնանկությունից հետո` հայտնի չէ, ինչպես նաև այն, թե ո՞ւմ է պետք եկել Վարդանիկին գործող իշխանության դեմ հրահրելը: Ընդդիմադիր դառնալով և հիմնելով կասկածելի անվամբ հիմնադրամ` այդ տղան այսօր կարող է ժամերով անդուլ խոսել, դիվանագիտական տերմիններ և հասկացություններ օգտագործել (էլ ավելի պատկառելի երևալու համար), քննադատել ԱԳՆ ղեկավարին և նախագահին` միաժամանակ հավաստիացնելով, թե ինքն ավելի լավն էր և երբեք ճնշումների առջև տեղի չի տվել: Բայց ապշեցնում են վարդանիկյան փաստարկումները: Օրինակ, նա հայտարարում է, որ կտրականապես չէր կարելի հրապարակայնություն հաղորդել հայ-թուրքական բանակցություններին, որ դրանք իբր պետք էր փակ ռեժիմով շարունակել: Պատճառաբանում է նրանով, որ Հայաստանն իբր դրանով զրկվել է գործընթացի վրա ազդելու հնարավորությունից: Ինչ-որ մեկը կարո՞ղ է սա հասկանալ: Ի՞նչ ձևով կարող է բանակցությունների ռեժիմը կողմերից մեկին զրկել գործընթացի վրա ազդեցության հնարավորությունից, եթե նման ազդեցության նա տրապետում էր: Մի՞թե նոնսենս չէ: Կամ ինչպե՞ս կարող է նորմալ մարդը, ով իրեն նաև դիվանագետ է համարում, տրվել էմոցիաներին և շահարկել ամսաթիվը (ապրիլի 22): Այժմ` գլխավորի մասին: Երկրի արտաքին քաղաքականությունը միակ բանն է, որտեղ նախագահ Սարգսյանին բողոքներ ներկայացնելը, մեղմ ասած, տեղին չէ: Ամենագլխավորը, ինչն անհրաժեշտ է դրանում (պրագմատիզմը), այնտեղ լիովին տեսնում ենք: Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց է տեղի ունենում` դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարով` առանց որևէ նախապայմանի և Ղարաբաղի հարցի վկայակոչման: Ուրեմն, ո՞րն է խնդիրը: Խնդիր չկա: Հետևաբար` պետք է շարունակել նույն ոգով` ուշադրություն չդարձնելով ընդդիմախոսների վայնասունին: Պետք է հասկանալ, որ նրանք միշտ անելու են իրենց անմաքուր գործը, ցանկացած հանգամանքում: Օրինակ, եթե Սարգսյանը պահպաներ բանակցությունների փակ ռեժիմը, ապա Վարդանիկից այսօր կլսեինք, որ նախագահը դավադրություն է սարքում սեփական պետության դեմ, գաղտնի բանակցություններ է վարում թուրքերի հետ և այլն: Բանակցություններն այսօր բաց են, հետևաբար` Վարդանիկը հակառակն է ասում: Այնպես որ, ինչպես ասում են ֆրանսիացիները, c’est la vie.

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: