Sunday, May 24, 2009

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻ՞Ն

«Ազատամտություն» - Թուրքիան, ըստ ամենայնի, կանգնած է քաղաքական լուրջ փոփոխությունների շեմին: Ավելի վաղ իշխանությունները շուրջ 200 մարդ են ձերբակալել ՝ «Էրգենեկոն» արգելված խմբավորման գործունեության հետաքննության շրջանակում: Կազմակերպության անդամներին մեղադրում են հակակառավարական հեղաշրջում ծրագրելու համար: Նրանց թվում են նախկին զինվորականներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, լրագրողներ: Միաժամանակ, թուրքական հատուկ ծառայությունները արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի, ոչ իրենց ԶԼՄ-ների միջոցով հաղորդագրություն են տարածել, թե իբր իսրայելական «Մոսսադ» հետախուզական ծառայությունը հստակ ծրագրել է սպանել Թուրքիայի վարչապետին: Ընդ որում, վկայակոչվում են «Էրգենեկոնի» գործունեության առիթով «հետաքննության արդյունքները»: Պարզվում է, որ թուրք հետախույզները բացահայտել են իսրայելցի մի լրագրողի, որը էլեկտրոնային հաղորդագրություններ է ուղարկել «Էրգենեկոնի» անդամներին: Նա տեղեկացրել է, որ «Մոսսադը» պատրաստ է Էրդողանի դեմ մահափորձ իրականացնել»: Հաղորդագրությունների հեղինակը իբր պնդել է, թե իսրայելական հետախուզության պետ Մեիր Դաղանը կապեր է ունեցել թուրքական կուսակցություններից մեկի հետ, և նրա գործակալները պատրաստ են եղել կատարել հրամանը, եթե քաղաքական այդ կառույցը համաձայնություն տար: Օրերս թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ադրբեջանի ռազմաօդային և ՀՕՊ ուժերի հրամանատար Ռայիլ Ռզաևի սպանության հետաքննության կապակացությամբ Բաքուն Թուրքիայից օգնություն է խնդրել: Ընդ որում, թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց աղբյուրները հատուկ ծառայություններում, պնդում են, թե ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի սպանությունը կազմակերպել է հենց «Էրգենեկոնը», որը 1995 թվականին փորձել է հեղաշրջում իրականացնել նաև Ադրբեջանում: Արդյունքում, Թուրքիայի տեղեկատվական դաշտում ստեղծվել է յուրօրինակ պատկեր՝ «Էրգենեկոնը», որը հեղաշրջումներ է ծրագրել Ադրբեջանում, այնուհետև` Թուրքիայում, աջակցություն է ստանում իսրայելական հզոր «Մոսսադից»: Ի դեպ, «Էրգենեկոնի» առումով էլ ամեն ինչ պարզ չէ: Թուրք որոշ վերլուծաբաններ այն համարում են քրդական ահաբեկչական կազմակերպություն: Ոմանք՝ ազգայնական քեմալական խմբավորում: Ճշմարտությունն առայժմ այն է, որ թուրքական հեռուստաալիքների լրատվական թողարկումները սկսվում են ամբողջ երկրում անցկացվող ձերբակալությունների մասին տեղեկություններով: «Էրգենոկոնին» մեղադրում են նաև ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յաշար Բյուքանիթի, ոստիկանության վարչության հետախուզության պետ Ռամազան Աքյուրեքի, լրագրող Ֆեհմի Քյուրուի և ճանաչված գրող Օրհան Փամուքի, քրդական Դեմոկրատական-սոցիալական կուսակցության առ-աջնորդների սպանությունները ծրագրելու համար: Ի՞նչ է իրականում տեղի ունենում Թուրքիայում: Նախ` ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին փորձ է արվում ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը: Երկորդ` իրավիճակը՝ թուրքական քաղաքական վերնախավում մեկնարկած պայքարն է: Պատահական չէ, որ թուրքական ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում կառավարության ղեկավար Էրդողանի ու նախագահ Գյուլի միջև աճող լարվածությանը: Երրորդ` վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ իրենց դիրքորոշման մասին սկսել են բարձրաձայնել զինվորականները` ի դեմս Գլխավոր շտաբի պետ Բաշբյուղի, որը դեմ է զինվորականների շարունակվող ձերբակալություններին: Իրավիճակը սրում է նաև այն, որ իշխանություններին դիմակայող ուժերը, այդ թվում «Էրգենոկոնը», վկայակոչում են Թուրքիայի իսլամացման դեմ պայքարած Քեմալ Աթաթուրքի գաղափարաքաղաքական ժառանգությանը: Այդ պատճառով, շատ թուրք վերլուծաբաններ շարունակում են բոլոր սուր հարցերի պատասխանները փնտրել «իսլամիստների» ու «քեմալականների» առճակատման հարթությունում: Արտաքին սպառնալիքի մասին Թուրքիայում նախընտրում են չխոսել:

No comments: