Monday, May 25, 2009

Կօգնի արդյո՞ք Շառլ Ազնավուրը

Արվեստագետներ Օհան Դուրյանը,Երվանդ Մանարյանը եւ Տիգրան Խզմալյաննա այսօր նամակ են հղել Շառլ Ազնավուրին:
ԲԱՑ ՆԱՄԱԿ Մեծարգո ու սիրելի Maestro. Դիմում ենք Ձեզ, որպես աշխարհասփյուռ հայ ազգի խորհրդանիշ հանդիսացող արվեստագետի և որպես Հայաստանի Հանրապետության լիազոր դեսպանի: Հայցում ենք Ձեր միջամտությունը Արցախյան Ազատամարտի հերոս, "Մարտական Խաչ" 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի Հայաստանից արտաքսումը կանխելուն: 1990 թվականին Լիբանանից գալով նախնիների երկիր, Ժիրայր Սեֆիլյանը բնակություն է հաստատում Հայաստանում, մասնակցում Արցախի ազատագրական պատերազմին, և հայտնի դառնում որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար: Պատերազմի հաղթական ավարտից հետո նա կարևորագույն զինվորական պաշտոններ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանական բանակում, կանգնելով Արցախի ինքնապաշտպանական ուժերի ստեղծման, կայացման և հզորացման ակունքներում: Ժիրայր Սեֆիլյանը ամուսնանում է Հայաստանում, ունենում է երկու զավակ, որոնք ծնվում են Հայաստանի Հանրապետությունում: Ժիրայր Սեֆիլյանը երեք անգամ' 2004, 2006 և 2008 թվականներին դիմում է ՀՀ նախկին և ներկա Նախագահներին քաղաքացիություն ստանալու խնդրով, սակայն վերջիններս մերժում են դիմումները առանց որևէ պատճառաբանությամբ կամ հիմնավորմամբ: Հայրենիքի և Սփյուռքի մերձեցման, Հայաստանի Հանրապետությունը որպես համայն հայության հայրենիք ընդունելու, յուրաքանչյուր հայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու անօտարելի իրավունքի և վերջապես ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված "Երկքաղաքացիության մասին օրենքի" գոյության պայմաններում և այդ ամենի մասին անընդմեջ շեփորահարող հայրենի իշխանությունները մերժում են Ազգի նվիրյալի բոլոր դիմումները' ՀՀ քաղաքացիություն ստանալու, հատուկ, մշտակական կամ ժամանակավոր կացության կարգավիճակով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու համար: Այս իրողությունների ֆոնի վրա զավեշտ է այն փաստը, թե որքան դյուրին կերպով Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին արժանացան Բրազիլիայից Հայաստան հրավիրված մարզիկներ' Հայաստանում ծովափնյա վոլեյբոլի թիմ ստեղծելու "խիստ կարեւոր" հիմնավորումով: Ավելին' 2006-2008 թթ. Ժիրայր Սեֆիլյանը ազատազրկման է ենթարկվում Հայաստանում, ազատագրված Հայրենիքի' Արցախի պաշտպանության ու վերաբնակեցմանն ուղղված հասարակական գործունեության պատճառով, ընդ որում Մարտական ծառայությունների համար ԼՂՀ Պաշտպանական բանակի հրամանատարի հրամանով անվանական զենքով պարգևատրված հրազենը որպես "ապօրինի զենք պահելու" կեղծ մեղադրանքի հիմնավորմամբ: Մեծարգո Վարպետ: Ժիրայր Սեֆիլյանն այն եզակի անհատներից մեկն է, որի կյանքն ու պայքարը, կենսագրությունն ու գաղափարները օրինակ են ծառայում երիտասարդ սերնդի դաստիարակության համար, իբրեւ հայրենասիրության, ասպետության ու բարոյականության չափանիշ: Մերժելով Հայրենիքի քաղաքացի դառնալու նրա դիմումները, երկու անչափահաս զավակներով նրա ընտանիքը արտաքսման սպառնալիքի է ենթարկվում, դրանով իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը խարխլում ու կասկածի տակ է դնում ազգային միասնությունը' այն հիմնական գաղափարը, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը, անկախ քաղաքական, կուսակցական և կրոնական պատկանելությունից: Որպես Հայաստանի Հանրապետության նորանշանակ լիազոր դեսպան, որպես համազգային ու համաշխարհային հեղինակություն, Դուք կարող եք ազդել Հայաստանի Հանրապետության իշխանությունների որոշման վրա, կանխելով սպասվելիք ապօրինի գործողությունը: Հայցում ենք Ձեր օգնությունը: Հարգանքներով' Օհան Դուրյան Երվանդ Մանարյան Տիգրան Խզմալյան

No comments: