Tert.am. 19-5-2009- «Բոլորն էլ գիտեն, որ Եվրատեսիլը նաև քաղաքականություն է, և մենք էլ ստիպված էինք ենթարկվել այդ կաննոններին», - Tert.am-ի հետ զրույցում ասաց Եվրատեսիլ 2009-ի հայաստանյան ժյուրիի նախագահ Նունե Եսայանը` բացատրելով, թե ինչու մենք Ռուսաստանին շնորհեցինք 12 միավոր, որն այս տարի միակ բարձրագույնն էր նրանց համար: Նունե Եսայանը հերքեց այն պնդումները, թե SMS քվեարկությունը որոշիչ դեր ունի` հավատացնելով, որ երբեք կարճ հաղորդագրությունները մեծ ազդեցություն չունեն: Քվերակության ու մրցույթի ավարտից հետո Նունե Եսայանը կարծում է, որ սխալվել են Ռուսաստանի հարցում:
Ի դեպ, հայաստանյան ժյուրիի կազմում էին նաև ազգային երաժշտական մրցանակաբաշխության լավագույն երգիչն ու երգչուհին` Էմմին և Արման Հովհաննիսյանը, այժմ արդեն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաև Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենների խորհրդական Արմինա Դարբինյանը: Այս կազմը մեզ համար բացահայտեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի` հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը` հիշեցնելով, որ իրենք բազմիցս հրապարակել են ժյուրիի անդամների անունները հանրայինի եթերում ու մամուլում: Ինչ վերաբերում է մեր կողմից Ռուսաստանին տրված 12 միավորին, Դիանա Մնացականյանը նշեց, որ դա կարճ հաղորդագրությունների և ժյուրիի ձայների թվաբանական միջինն է, հետևաբար և՛ հեռուստադիտողը, և՛ ժյուրին միաձայն 12 էին գնահատել Պրիխոդկոյի ելույթը:
Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ Եվրատեսիլ մրցույթի արդյունքները որոշվում էին փոփոխված կանոններով. հեռուստադիտողի ձայներին գումարվում էին ժյուրիինը` 50/50 հարաբերակցությամբ: Ի դեպ, Նունե Եսայանը կարծում է, որ ժյուրիների դերը որոշիչ էր նաև Ինգա և Անուշ Արշակյանների գրանցած արդյունքների դեպքում:
Հավելենք, որ փաստորեն նախորդ տարիների ընթացքում «մաքուր» SMS քվեարկության դեպքում Հայաստանն ավելի շատ ձայներ էր հավաքում՝ շնորհիվ Սփյուռքի մեր հայրենակիցների ուղարկած հաղորդագրությունների։
Wednesday, May 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment