Tuesday, May 12, 2009

ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

«Ազգ» 12-5-2009- Հանրապետությունում երեկվանից սկսվել է պետական բուհերում ընդունելության քննությունների համար դիմորդներից դիմում-հայտերի ընդունումը, որը կտեւի մինչեւ հունիսի 1-ը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, օտարերկրյա քաղաքացիների եւ 2009-ի գարնանային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերը կընդունվեն մինչեւ հուլիսի 10: Հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, հայոց պատմություն, ընդհանուր պատմություն, օտար լեզու եւ աշխարհագրություն առարկաներից դիմորդները կհանձնեն միասնական գրավոր քննություններ, իսկ կենտրոնացված կարգով բանավոր եւ գրավոր քննություններ կկազմակերպվեն լեզուներից, արվեստի, ֆիզկուլտուրայի եւ այլ մասնագիտական առարկաներից: Կենտրոնացված եւ ներբուհական քննությունները կանցկացվեն հուլիսի 15-26-ը: Բուհ ընդունվել ցանկացողներն այս տարի դիմում-հայտում հնարավորություն ունեն նշելու մեկ կամ մի քանի բուհերի երկու անվճար ու վեց վճարովի տեղեր: Ընդունելության քննությունները կգնահատվեն 20 միավորային համակարգով:

No comments: