Monday, May 25, 2009

ՄՈԼՈՐՎԵԼ, ԹԵ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

«Լրագիր»- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ նկատելի է ակնհայտ ձանձրույթը դիվանագիտությունից: Նրանք արդեն անցել են երկրաչափության: Նախ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց, որ հայ-թուրքական եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները զուգահեռ պրոցեսներ են: Հիմա էլ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն է հայտարարում, թե այդ պրոցեսները չպետք է խաչվեն, այլ պետք է լինեն զուգահեռ, իսկ զուգահեռ գծերը երբեք չեն հատվում, երկրաչափական կանոններին հղում անելով հայտարարել է Ֆասիեն, ով այցելել էր Թուրքիա: Եթե Ֆասիեն երկրաչափությունից այդքան լավ է, ապա զարմանալի է, որ նա այցելել էր Թուրքիա: Չէ որ նա Ղարաբաղի հակամարտության խնդրով զբաղվող դիվանագետ է: Հետեւաբար, եթե հայ-թուրքական եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացները չեն խաչվում, այլ զուգահեռ են, Ֆասիեն պետք է որ չունենար Թուրքիա այցելելու պատճառ, եթե խոսքն իհարկե գործնական պատճառի մասին է: Իսկ որքան հայտնի է, Ֆասիեն հենց գործով էր գնացել Թուրքիա, ոչ թե անձնական հարցով: Հետեւաբար կամ ֆրանսիացի համանախագահն է երկրաչափության մեջ ինչ որ բան շփոթել եւ սխալ ուղղությամբ է օդանավի տոմս գնել, կամ էլ օդաչուն է երկրաչափության հետ պրոբլեմներ ունեցել եւ օդանավը վարել է ոչ այն միջօրեականի կամ զուգահեռականի կամ հորիզոնականի ուղղությամբ, որը որ պետք էր: Մնում է սպասել, թե երկրաչափական ինչ գիտելիքներ է դրսեւորելու ռուսաստանցի համանախագահ Մերզլյակովը: Դրանից հետո կարելի է քիչ թե շատ որոշակի եզրակացություն անել այն կապակցությամբ, թե արդյոք համանախագահները շարունակում են զբաղվել Ղարաբաղի խնդրով, թե նրանք Ղարաբաղի աշխարհագրական կորդինատները շփոթել են եւ ասենք սկսել են զբաղվել բոլորովին այլ խնդրով, սակայն դեռեւս չեն գիտակցել այդ շփոթմունքը եւ բանից անտեղյակ ակամա մոլորեցնում են հասարակությանն իրենց երկրաչափական գիտելիքներով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: