Monday, May 25, 2009

ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇԵԼ Է ՀՈՒՄՈՐՈՎ

Lragir 25-5-2009- Մայիսի 25-ին Իրավունք դե ֆակտո ակումբում խոսելով Երեւանի քաղաքապետի ընտրության ընթացքի մասին, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ասել է, թե ականատես ենք աննախադեպ տաղտկալի քարոզարշավի: Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը սխալ արեց, քարոզարշավի ընթացքում ձեռնպահ մնալով բանավեճերի նախաձեռնություններից, միայն գնալով “մենախոսությունների”, ինչպես նկատել է Հովհաննիսյանը: Նա ասում է նաեւ, թե ի տարբերություն նախագահի ընտրության, ընդդիմությունը չարեց որեւէ բացահայտում, որը կցնցեր հասարակությանը: Մինչդեռ այդպիսի բացահայտումներ, հատկապես թաղապետերի վերաբերյալ, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, անհրաժեշտ էին:Քաղաքագետը նշել է, որ ինքը նախընտրում է հումորով բնորոշել ներկայիս քարոզարշավը, քանի որ եթե հումոր չլինի, ապա իրավիճակը կարող է հասցնել խելագարության: Քաղաքագետը հումորով բնորոշել է ընտրությանը մասնակից 7 կուսակցությունների լոզունգները, որոնք իր կարծիքով իրականում կսազեին նրանց:ՀՀԿ-ին, օրինակ, Հմայակ Հովհաննիսյանը սազական է համարում “նաղդը նիսյայից լավ ա” կարգախոսն ու “Ավլեմ, թափեմ փոշին” երգը: Բարգավաճ Հայաստանի առումով Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ քարոզարշավից իր համար տպավորիչը եղել է Գագիկ Ծառուկյանի սպիտակ հագուստը` “բալախոնի” նման: Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ գուցե այդպիսով Գագիկ Ծառուկյանը փորձում էր ցույց տալ, որ ինքն արժանի մրցակից է Չյոռնիին, ստեղծելով սեւի ու սպիտակի կոնտրաստ: Երկրորդ տարբերակը, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, այն է, որ Գագիկ Ծառուկյանը հագնելով սպիտակ, թերեւս փորձել է բժշկի հետ ասոցացվել, որը գալիս է հիվանդ ազգը բուժելու:Հայ Ազգային կոնգրեսի լոզունքը, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, միանգամայն կարող էր լինել այն միտքը, որ արտահայտել է 19-րդ դարի մտածողներից մեկը` Բերշտեյնը. “շարժումն ամեն ինչ է, նպատակը`ոչինչ”: “Մարդիկ արդյունք են ուզում, իսկ կոնգրեսը կարծես թե չի շտապում արդյունք ցույց տալ”, ասում է Հմայակ Հովհաննիսյանը: Նա նշում է, թե գուցե շուտով կոնգրեսի հիմնական կարգախոսը “Պայքար, պայքար մինչեւ վերջ”-ից կվերածվի “Պայքար, պայքար մինչեւ հեչ”-ի:Օրինաց երկրի պարագայում Հմայակ Հովհաննիսյանը հիշատակում է էգ առյուծի հանգամանքը, որ առաջ քաշեց այդ կուսակցության գյումրեցի անդամ Հովհաննես Մարգարյանը, եւ ասում, թե այդպիսով ՕԵԿ-ը երեւի ցանկանում է ասել, որ “էգով էլ կխաբեն հասարակությանը”: Հմայակ Հովհաննիսյանը մասնավորապես նշում է ավանդների վերադարձի հարցը, ասելով, թե ՕԵԿ-ը այժմ քարոզարշավին խոսում է այդ մասին, մինչդեռ այդ գործընթացը դադարել է եւ մարդիկ ավանդ չեն ստանում:ՀՅԴ-ի պարագայում Հմայակ Հովհաննիսյանը նշում է, թե Դաշնակցությունը կանգնած է մի հավասարում լուծելու խնդրի առաջ: Լեւոն Տեր-Պետրոսյան հանած Ռոբերտ Քոչարյան հավասար է Սերժ Սարգսյանի: Ահա այդ է հավասարումը, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ով կարծում է, որ Դաշնակցությունը ակնհայտորեն պատրաստ չէր ընդդիմադիր կարգավիճակում գործելուն: “Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես” երգի տողերի փոխարեն, որ ընտրել է Դաշնակցությունը քարոզչական լոզունգի համար, Հմայակ Հովհաննիսյանը նրանց ավելի սազական եւ ներդաշնակ է համարում “Արա վայ, վայ, վայ վայ վայ վայ” երգի տողերը:Տիգրան Կարապետյանի մասին Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ նա ինքն իրենով վկայում է, թե ինքը տեղով տեխնոլոգիա է եւ իրեն որեւէ տեխնոլոգիա պետք չէ: Իսկ ՀԱՍԿ-ի մասին էլ Հմայակ Հովհաննիսյանն ասում է, թե այդ կուսակցությունը առաջնորդվում է “ես եմ լեյտենանդ Շմիդտի իսկական որդին” սկզբունքով: Հմայակ Հովհաննիսյանը թերեւս նկատի ունի այն, որ ՀԱՍԿ-ը հայտարարում է, թե ինքն է 1998 թվականին եղել Կարեն Դեմիրճյանի ամենամոտ զինակիցը:

No comments: