Sunday, May 10, 2009

Հայաստանը մոտեցավ Եվրամիությանը. Սերժ Սարգսյանը Պրահայում

«Ազատություն» - 9-5-2009- Հինգշաբթի օրը Պրահայում կայացավ Արեւելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը: Համաժողովի լիագումար նիստին մասնակցում էին ծրագրին մաս կազմող հետխորհրդային վեց պետություններից չորսի` Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահները: Մոլդովան եւ Բելառուսը ներկայացված էին փոխվարչապետների մակարդակով:Նիստում ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով, մասնավորապես, ասաց. - «Այս օրը նշանակալից է Հայաստանի ժողովրդի, կարծում եմ նաեւ Արեւելյան գործընկերության մեջ ներառված մյուս երկրների համար: Անկախ նրանից, թե ինչ հեռանկար է մեզանից յուրաքանչյուրը տեսնում Միության հետ իր հարաբերություններում, ակնհայտ է մի բան` ունենք անցնելու մեծ ճանապարհ: Եվ ես ուզում եմ Հայաստանի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական հանձնաժողովին «Միության անդամ-պետություններին` այդ ճանապարհը միասին հաղթահարելու հրավերի համար: Սա տեսլականի վրա հիմնված քայլ էր, ապագային միտված որոշում: Մենք հասկանում ենք, որ դա հեշտ որոշում չէր Եվրամիության համար, հատկապես` գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Եվ, այնուամենայնիվ, Արեւելյան գործընկերությունը խիզախ նախաձեռնություն է: Այն երկուստեք պարտավորեցնող է, բայցեւ երկուստեք շահավետ: Մենք մտնում ենք այս գործընթացի մեջ մեր շուկաները փոխադարձաբար ավելի մատչելի դարձնելու, մեր քաղաքացիների եւ հասարակությունների միջեւ երկխոսությունը խթանելու, ապագան համատեղ կերտելու եւ մեր մշակույթները փոխհարստացնելու ձգտմամբ: Եվ ես հավատում եմ, որ դա մեզ հաջողվելու է»:«Մեր օրերում «Եվրոպա» հասկացությունը դարձել է հանդուրժողականության, կառուցողական մոտեցման, խաղաղ լուծումների հոմանիշ: Մենք շատ ենք ուզում, որ Արեւելյան գործընկերությունն ուժեղացնի Եվրոպայի այդպիսի ընկալումը: Մենք ուզում ենք, որ այն հաջողությամբ պսակվի եւ ցույց տա, որ արժեքային համակարգի վրա հենված քաղաքականությունը կարող է տալ բացառիկ եւ անսպասելի արդյունք: Բայց դրան հասնելու համար պահանջվում է բոլորիս նվիրված եւ հետեւողական աշխատանքը», - հայտարարեց Հայաստանի նախագահը:Նույն օրը ընդունվեց Արեւելյան գործընկերության հռչակագիրը, որի մասին փաստաթղթի հեղինակներից մեկը` Եվրամիության նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հայտարարել էր. - «Հռչակագրում այլ կարեւոր հարցերի հետ մեկտեղ կոչ է արվում հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները : Փաստաթղթի հեղինակները միանշանակորեն սատարում են ժողովրդավարացման, բարեփոխումներին ուղղված գործընթացները, աջակցություն են հայտնում քաղաքական համագործակցությանն ու անվտանգության խնդիրների շուրջ երկրների գործակցությանը»:Արեւելյան գործընկերության ծրագրի իրագործմամբ Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա տարիներին սերտացնել կապերը նախկին խորհրդային վեց հանրապետությունների հետ:Եվրամիության ղեկավարները նշում են, թե իրենց վերջնական նպատակը ծրագրի անդամ պետությունների հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելն ու վիզային հեշտացված ռեժիմ սահմանելն է:Եվրամիության պաշտոնյաները իրենց լուրջ հաջողություններից են համարում նաեւ այն հանգամանքը, որ այս, իրենց բնորոշմամբ` ռազմավարական ծրագրում հնարավոր է եղել ընդգրկել միմյանց հետ հակամարտության մեջ գտնվող Հայաստանն ու Ադրբեջանը: Այդ մասին համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:Հետագայում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հստակեցրեց իր մոտեցումը` ասելով. - «Սա այսօր այն տեղը չէր, որտեղ պետք էր քննարկել հակամարտությունների հարցը: Այս ձեւաչափի նպատակը ընդհանրապես հակամարտությունների լուծումը չէ: Մենք, իհարկե, միանշանակորեն աջակցելու ենք սառեցված բոլոր հակամարտությունների կարգավորմանը»:Եվրամիության պաշտոնյաների խոսքից զգացվում է, որ այս փուլում նրանք առավել մեծ ուշադրություն են դարձնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ծավալված երկխոսությանը:Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, մասնավորապես, հայտարարեց. - «Արդեն իսկ մեծ ծավալի աշխատանք այս հարցում կատարվել է: Բայց հարկ է հասկանալ, որ սա այն խնդիրն է, որը պետք է դառնա նաեւ երկու երկրների հանրային շրջանակների քննարկման առարկա: Այժմ մենք այդ փուլում ենք, սակայն քաղաքական ուղղությունը, որ ընտրել են երկու կողմերը, շատ հստակ է: Բազմաթիվ բանակցություններ արդեն իսկ կայացել են, եւ ես հույս ունեմ, որ դրանք որոշակի արդյունքի կհանգեցնեն»:Շվեդ դիվանագետը մեկ անգամ եւս տարածաշրջանի պետություններին կոչ արեց բացել բոլոր փակ սահմանները:«Երբ նայում եք քարտեզին, ապա հստակ երեւում է, որ Հարավային Կովկասը բնական տարանցիկ ուղի է իրենից ներկայացնում: Բայց այսօր Հարավային Կովկասի երեք ամենաերկար սահմանագծերը փակ են: Միայն այդ անոմալիան հաղթահարելու դեպքում տարածաշրջանը կկարողանա զարգանալ: Եվ դա ձեռնտու է լինելու ոչ միայն Հայաստանին, այլեւ Ադրբեջանին ու Վրաստանին», - ընդգծեց Սեմնեբին:Գագաթնաժողովին նախորդել էր Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով, որը տեւել է ավելի քան երկու ժամ։Թեեւ նախատեսվում էր, որ հանդիպումից հետո լրագրողներին կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, լրագրողների հետ հանդիպեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:«Գոհունակությամբ կարող եմ նշել, որ նախագահներ Ալիեւը եւ Սարգսյանը կառուցողական երկխոսություն են ունեցել եւ նրանք կարողացել են նվազեցնել մոտեցումներում եղած տարբերությունները, որոնք վերաբերում են կարգավորման հիմնարար սկզբունքներին», - Պրահայում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայրում հրավիրված ասուլիսում հայտարարեց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: - «Եվ համաձայնության են եկել այն հիմնարար գաղափարների շուրջ, որոնք քննարկելու նպատակով էլ եկել էին այստեղ: Այժմ ամեն ինչ մեզանից՝ համանախագահներից է կախված: Առաջիկա օրերին եւ շաբաթներին մենք աշխատելու ենք արտաքին գործերի նախարարների հետ: Այս հանձնարարությունը նախարարներին տրվել է երկու նախագահների կողմից: Մենք պետք է աշխատենք դետալների վրա, որպեսզի ավարտուն տեսքի բերենք այն մոտեցումները, որ այսօր քննարկման առարկա են հանդիսանում: Հիմնական աշխատանքը տարվելու է այն առանցքային խնդիրների շուրջ, որոնք ընդգրկված են կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակում»:Արդյո՞ք այդ առանցքային խնդիրներն են այն երկու հիմնական տարաձայնությունը, որ առկա էր բանակցային գործընթացում վերջին տարիներին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու Լաչինի միջանցքի պատկանելության հարցը: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին համանախագահները չցանկացան պատասխանել: Միայն ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը փոխանցեց, թե՝ «շատ լավ տեղեկացված եք բանակցային գործընթացի մանրամասներից»:Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպմանը, ապա վերջնական պայմանավորվածություն դեռեւս չկա: Համանախագահները չեն բացառում, որ այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:«Հեռանկարի առումով եւ որպես սկզբունքային համաձայնություն շարունակում է մնալ Սանկտ Պետերբուրգում հունիսի սկզբին կայանալիք հանդիպումը: Համենայն դեպս, մենք ձգտելու ենք կազմակերպել նման հանդիպում նշված ժամկետում: Մինչ այդ կկայանան մեր հանդիպումները [արտաքին գործերի] նախարարների հետ եւ, հավանաբար, համանախագահները կայցելեն տարածաշրջան», - ասաց ռուսաստանցի համանագահը Յուրի Մերզլյակովը:Իսկ հնարավո՞ր է արդյոք Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների նախագահների գագաթնաժողովի կազմակերպումը: Այն, որ Օբամա – Մեդվեդեւ – Սարկոզի եռակողմ հանդիպումը, որ նվիրված կլինի Ղարաբաղյան կարգավորմանը, կարող է կազմակերպվել, մի քանի շաբաթ առաջ նշել էին դիվանագիտական որոշ աղբյուրներ: Հայաստանցի լրագրողի այս հարցին Մերզլյակովը պատասխանեց. - «Մենք վաղուց էինք քննարկում նման հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Մենք թերեւս ամենալավն ենք պատկերացնում, թե ինչ դժվար է նույն վայրում նույն ժամանակահատվածում հավաքել Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներին»:Ավելի ուշ` Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն հայտնեց ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման կապակցությամբ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում բանակցությունների այս մի փուլը, Սերժ Սարգսյանը պատասխանեց` «օգտակար էին»:Լիագումար նիստի ավարտին` ուշ երեկոյան տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ: Հանդիպումը տեւեց մոտ մեկուկես ժամ եւ ավարտվեց կեսգիշերին մոտ:Առաջինը լրագրողներին մոտեցավ Սերժ Սարգսյանը: Աբդուլա Գյուլի հետ նրա հանդիպման գնահատականը հետեւյալն էր. - «Օգտակար էր: Մենք պայմանավորվեցինք հարգել մեր պայմանավորվածությունները»: Հայ - թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին հնարավոր նախապայմանների առկայության մասին Սերժ Սարգսյանը ասաց. - «Բացառված են նախապայմանները, ուղղակի բացառված»:Աբդուլա Գյուլը հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ դրական գնահատեց. - «Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան - Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային հարցեր: Հիշեցնեմ, որ այսօր այստեղ` Պրահայում հանդիպել են նախագահներ Ալիեւն ու Սարգսյանը: Կարծում եմ, որ Կովկասում հարաբերությունների բարելավումը բխելու է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից»:Ինչպես տեղեկացնում են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել «հարգել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ առաջ շարժվել հայ - թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ»:Մինչ Սերժ Սարգսյանին հանդիպելը Աբդուլա Գյուլը Չեխիայի մայրաքաղաքում բանակցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահը հինգշաբթի օրը երկկողմ հանդիպումներ եւ շփումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի, Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքական հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ:«Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է», - Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ֆրանսուա Ֆիյոնը:Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի վարչապետին է ներկայացրել հայ - թուրքական քաղաքական երկխոսության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Հայաստանի նախագահը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, իսկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում տեղի ունեցող բանակցային գործընթացը եւ բանակցային սեղանին առկա կարգավորման հիմնական սկզբունքները հնարավորություն են ընձեռում առաջ շարժվել: Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հակամարտության այնպիսի լուծման, որը կբերի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը:Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ֆրանսիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ֆիյոնը ողջունել եւ աջակցություն է հայտնել հայ - թուրքական քաղաքական երկխոսությանը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:Անգելա Մերկելը եւ Բենիտա Ֆեռերո-Վալդները ողջունել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին:Ուրբաթ օրը Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության hարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ։Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հանդիպումների ընթացքում ընդգծել է Արեւելյան գործընկերության մեծ պոտենցիալը` խթանելու ներգրավված երկրների միջեւ տարածաշրջանային փոխգործակցությունը։Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Խավիեր Սոլանայի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է ժողովրդավարական գործընթացների շարունակական խորացումը Հայաստանում։ Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը հնարավորություն կտա լուրջ առաջընթաց արձանագրել նաեւ այդ ուղղությամբ։Հայաստանի նախագահը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյին է փոխանցել Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագիրը։ Շուրջ 200 միջոցառում ենթադրող գործողությունների այս ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով հաստատվել էր Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին։Խավիեր Սոլանան ու Ժոզե Մանուել Բարոզոն բարձր են գնահատել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի ջանքերը` վստահություն հայտնելով, որ առկա խնդիրների կարգավորումը կբերի ողջ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։

No comments: