Tuesday, June 23, 2009

Իրանում քաղաքական ճգնաժամի ետեւում կարող է կանգնած լինել ազդեցիկ հոգեւորական

/PanARMENIAN.Net/ 22.06.2009 - Իրանում փողոցային բողոքների վերածված հետընտրական ճգնաժամի ետեւում կարող է կանգնած լինել ազդեցիկ հոգեւորական` Իրանի նախկին նախագահ, այաթոլլա Հաշեմի Ռաֆսանջանին: Մինչ օրս Ռաֆսանջանին ոչ մի հրապարակային ելույթ չի ունեցել, սակայն նրա դուստրը մասնակցում էր ցույցերին, իսկ ինքը նախկին նախագահը երբեք չի թաքցրել իր անբարեհաճությունը գործող նախագահ Մ.Ահմադինեժադի հանդեպ: Իրանի գերագույն ղեկավար այաթոլա Ալի Համենեին ազգին ուղղված իր կոչում հիշատակել է իր անդրկուլիսյան հակառակորդին որպես Իսլմական հեղափոխության հեղինակներից մեկի, սակայն խոստովանել է, որ «բավականին տարաձայնություններ» ունի Ռաֆսանջանիի հետ: Ըստ արեւմտյան քաղաքագետների, իշխանական ռեսուրսը, որն ունի Ռաֆսանջանին, ընդդիմությանը բավարար պաշտպանություն է ապահովում ու օրինականացնում է նրա ելույթները: Ահմադինեժադը եւ նրա մրցակից Մուսավին մրցող կրոնական վերնախավերի լոկ քաղաքական «պատվիրակներն են», հաղորդում է Associated Press-ը: Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին եղել է Իսլամական հեղափոխության «հայր» Ռուհոլլա Հոմեյնիի մերձակա կողմնակիցը: 1989-97թթ. նա եղել է Իրանի նախագահը եւ պարտվել է 2005թ. ընտրություններին Ահմադինեժադին: Ներկայումս Ռաֆսանջանին ազդեցիկ պաշտոններ է վարում, լինելով Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի ղեկավար, որի պարտականությունների մեջ է մտնում վեճերի հանգուցալուծումը Սահմանադրության պաշտպանների խորհրդի ու խորհրդարանի միջեւ, եւ Փորձագետների ժողովի նախագահն է, որն ընտրում է երկրի գերագույն առաջնորդին: Ռաֆսանջանին, ինչպես համարվում է, պատկանում է իրանական «պրագմատիկների» ճամբարին, որոնք հավատարիմ են Իսլամական հեղափոխության գաղափարներին, սակայն պատրաստ են փոխզիջման Արեւմուտքի հետ Իրանի դրական միջազգային կերպարի ստեղծման համար;

No comments: