Tuesday, June 23, 2009

Իրան. ընդդիմության ձերբակալությունների ալիք

/PanARMENIAN.Net/ 22.06.2009 - Հունիսի 22-ի առավոտն Իրանում սկսվեց ընդդիմության ճամբարին հարող քաղաքական գործիչների համատարած ձերբակալություններով: Ձերբակալվածների ստույգ թիվը դեռ չի հաղորդվել: CNN-ի տվյալներով, որի վրա հիմնվում է ցանցային ԶԼՄ-ների մեծամասնությունը, իրանական ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին դեռ ազատության մեջ է: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական գործունեություն կազմակերպելու մեջ, որի տակ ենթադրվում է Թեհրանի փողոցներում ավտոբուսների երեկվա հրկիզումը եւ «հասարակական ունեցվածքին վնաս հասցնելու» այլ դեպքերը: Միաժամանակ աշխարհում տեղի են ունենում իրանական ըդդիմությունը պաշտպանող ցույցեր: Ֆրանսիայում ցույցը տեղի է ունեցել Փարիզի Վիլպեն արվարձանում, որին մասնակցում էր Մարիամ Ռաջավին` Իրանական դիմադրության ազգային խորհրդի ղեկավարը: Բելգիայում ցույցը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրյուսելում` Իրանի դեսպանատան առջեւ: «Դադարեցրե'ք բռնաճնշումներն իրանական ժողովրդի նկատմամբ»,- գրված էր ցուցանակների վրա: «Բոլոր հեղափոխությունները սկսվել են կայծով, որն ինչ-որ տեղ բռնկվել է: Որպեսզի ազատություն ստանալ, դրա համար անհրաժեշտ է պայքարել»,- ասում է Բելգիայում ապրող իրանցի ուսանողը: Գերմանիայում ցույցն ընթացել է Ֆրանկֆուրտում իրանական հյուպատոսարանի առջեւ: Մարդիկ լուսանկարներ էին տանում, որոնք արվել էին Թեհրանի փողոցներում, եւ ցուցապաստառներ. «30 տարվա բռնապետություն` բավակա'ն է» եւ «Որտե՞ղ է իմ ձայնը»: «Ես մանկուց դեմ եմ եղել Իրանում իշխող ռեժիմին, որովհետեւ նրանք սպանել են իմ հորը, ընտանիքիս այլ անդամների: Ահա թե ինչու ես ստիպված եմ ապրել այստեղ»,- ասում է ցույցի մասնակիցներից մեկը: Բողոքի ալիքները հասել են մինչեւ Ծագող արեւի երկիր: Իրանական դեսպանատան առջեւ Տոկիոյում հավաքվել են 200 իրանցիներ, որոնք ապրում են Ճապոնիայում: Եվ, վերջապես, Ավստրալիայի Սիդնեյ եւ Բրիսբեն քաղաքներում հարյուրավոր մարդիկ փողոցներում վանկարկում են. «Նոր ընտրություններ ՄԱԿ-ի նոր դիտորդների հետ»,- հաղորդում է Euronews-ը:

No comments: