Saturday, August 22, 2009

Նամակ Քլինթոնին. ԱՄՆ-ում բնակվող հայերը դժգոհ են Մեթյու Բրայզայից

Tert.am. 21-8-2009- Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը նամակ է հղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։ Օգոստոսի 20-ին Քլինթոնին ուղարկված 4-էջանոց նամակում Քեն Խաչիկյանը արտացոլել է հայկական համայնքի մտահոգությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջերս արված «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կողմնապահ հայտարարությունների շուրջ»։ Այս մասին գրում է asbarez.com կայքը։ Մասնավորապես, Հիլարի Քլինթոնին հասցեագրված նամակում պրն Խաչիկյանը մեջբերել է Մեթյու Բրայզայի վերջերս կատարած «անարդար, ոչ ճշգրիտ և հակասական հայտարարությունները»՝ կարծիք հայտնելով, որ վերջինիս գործողություններն արտացոլում են ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքական ուղեգծի տապալումը, որը, ի կատար չածելով ամերիկահայերին տված մի շարք խոստումները, այժմ հմտորեն խուսափում է կյանքի կոչել հայկական հարցերի վերաբերյալ որոշումները։ Նամակում, մասնավորապես, Քեն Խաչիկյանն ընդգծել է. «Այսօր՝ Օբամա-Բայդեն վարչակազմի աշխատանքի մեկնարկից 7 ամիս անց, մենք լրջորեն մտահոգված ենք, որ այս վարչակազմը հրաժարվել է իր պարտականություններից՝ արտաքին քաղաքականությունում արդյունավետ կերպով կյանքի կոչելով Հայաստանի վերաբերյալ ամեն մի որոշում այնպես, ինչպես թելադրում է Թուրքիան՝ չհետևելով բարոյականության և ժողովրդավարության այն հիմնարար սկզբունքներին, որոնք դուք, նախագահ Օբաման և փոխնախագահ Բայդենը միանշանակ քարոզել եք նախորդ տարի կայացած ձեր նախագահական քարոզարշավների ընթացքում»։ Անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարություններին՝ Քեն Խաչիկյանը նշել է, որ նրա վերջին գործողություններն արտացոլում են «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ տարվող քաղաքականության մշտական, նյութական և թափանցիկ կողմնապահությունը»։ «Մասնավորապես, մենք մտահոգություն ենք հայտնել նրա ադրբեջանամետ կողմնապահության շուրջ ԼՂ խաղաղ գործընթացում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Մեր համայնքի ուշադրությունը մեկ անգամ ևս բևեռվեց պրն Բրայզայի վրա Ծաղկաձորում օգոստոսի 7-ին կատարած ելույթից, ինչպես նաև այն նորություններից հետո, որ վերջինիս թեկնածությունը դիտարկվում է Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնը ստանձնելու համար։ Ծաղկաձորում իր ելույթի ժամանակ պրն Բրայզան մեկ անգամ ևս արեց մի շարք հայտարարություններ, որոնք բացահայտորեն հակասում են ԱՄՆ նախագահի խոստմանը աշխատել «Լեռնային Ղարաբաղի հարատև հակամարտության կարգավորման շուրջ ուղղությամբ, որը շահավետ կլինի բոլոր կողմերի համար և որը հիմված կլինի Ամերիկայի՝ ժողովրդավարության և ինքնորոշման հիմնարար սկզբունքների վրա»։ Առանձնացնենք հատկապես այն, որ պրն Բրայզան պնդել է, որ ճակատագրի բերումով ստեղծված չարաբաստիկ Մադրիդյան սկզբունքները փոխզիջումների հավասարակշռված մի ամբողջությունն են, այն էլ այն դեպքում, երբ դրանք իրականում ոչ այն է ինչ են, եթե ոչ հակասական, ենթադրաբար հայկական կողմի հիմնարար անվտանգությունը խարխլող զիջում՝ ընդամենն իրենց մեջ պարունակելով միակ այն թույլ խոստումը, որը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ինչ-որ անորոշ դերակատարների մասնակցությամբ գործընթաց տեղի կունենա, այն էլ, ըստ պրն Բրայզայի, հավանաբար, ապագայում», -ասված է Քեն Խաչիկյանի նամակում։ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահը նաև նշել է, որ Մեթյու Բրայզան իր հայտարարությունները համալրել է մի շարք դիտարկումներով, համաձայն որոնց ադրբեջանական կողմը «զիջում» է կատարել՝ նույնիսկ պարզապես համաձայնելով քննարկել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը։ «Փաստը նրանում է, որ Ադրբեջանը չունի ոչ բարոյական իրավունք, ոչ էլ գործնականում ունակ է շնորհել ազատություն կամ անկախություն Լեռնային Ղարաբաղին», - համոզմունք է հայտնել Քեն Խաչիկյանը։ Նա հավելել է, որ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն լրջորեն մտահոգված է, որ Մեթյու Բրայզան շարունակում է կանգնել Միացյալ Նահանգների և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների և ժողովրդների ընդարձակ երկխոսության ճանապարհին։

No comments: