Saturday, August 15, 2009

Թուրքական ազգայնականությունը սկսվում է դեռեւս դպրոցական նստարանից

/PanARMENIAN.Net/ 13.08.2009 - «Ըստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընկալման թուրքական հասարակությունը բաժանվում է 3 մասի` ազգայնականներ, ովքեր բացասապես են վերաբերվում սահմանի բացմանը, չեզոքներ եւ լիբերալներ, ովքեր դրական են վերաբերվում այդ գործընթացին»,- այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, թուրքական գաղափարախոսությունը սկսվում է դպրոցականի երդումից: Թուրքական Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքի կարգախոսը` «Ես հպարտ եմ, որ ես թուրք եմ», արդեն կրոնական եւ ազգային անհանդուրժողականություն է նշանակում»,- ընդգծել է Մելքոնյանը: Նա նաեւ նշել է, որ այսօրվա թուրքական հասարակության մեջ ազգայնականները մեծամասնություն են կազմում: Մելքոնյանը օրինակ է բերել թուրք շովինիստների ելույթները, որոնք աղմուկ էին բարձրացրել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրենիքում` Կայսերիում` Աթաթյուրքի անվան մարզադաշտում, անցկացնելու առաջարկի առիթով: «Միանգամից բողոքի ցույցեր կազմակերպվեցին, եւ իրենց քաղաքում հայեր չտեսնելու ցանկության մասին հանրագրի տակ մի քանի օրում ստորագրեցի 250 հազար թուրքեր»,- մատնանշել է հայ փորձագետը: Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղ մամլո ասուլիսին Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը դիտելու համար Թուրքիա կմեկնի միայն եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ էլ կողմերը Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին լինեն: ԱԱ 2010 նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում` Աթաթյուրքի անվան մարզադաշտում:

No comments: