Thursday, August 20, 2009

«Խելքներդ գլուխներդ հավաքեք»

A1+ - 19-8-2009- ՀՀ կառավարությունը չէր կանխատեսում, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունն այդքան խորը կլինի Հայաստանի վրա: Այսօր այս մասին անկեղծորեն խոստովանեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Հայաստանի տնտեսական վիճակը եւ հնարավոր զարգացումները քննարկելու համար այսօր «Հայացք» ակումբ էին հրավիրվել փոխնախարար Արամյանը, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը եւ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Այս պահին Հայաստանի տնտեսության անկումը 16,3 տոկոս է, եւ կառավարությունը ակնկալում է, որ այս տարվա վերջին անկումը կկազմի 12-15 տոկոս: Նշելով, որ Եվրամիության երկրներում երրորդ եռամսյակում տնտեսության անկումը կազմել է 6 տոկոս` փոխնախարարն ասաց, որ մեր երկրի տնտեսական իրավիճակը համահունչ է միջազգային տնտեսական իրավիճակին: Երկրում Տնտեսական անկումը զսպելու համար կառավարությունն «ընդլայնողական» քաղաքականություն է վարում, որը ըստ Արամյանի` գումար է ներարկում տնտեսության մեջ, որի արդյունքում էլ տարեվերջին կանխատեսվում է 12-15 տոկոս տնտեսական անկում: Վարդան Բոստանջյանը բոլորին խորհուրդ տվեց վերջապես բացել աչքերը: Նրա համար զարմանալի է, որ ճգնաժամը համառորեն թակում էր մեր դուռը, իսկ մենք ասում էինք, թե այն մեզ չի սպառնում. «Աչքերը փակելու արդյունքն է ներկա իրավիճակը: Մի քիչ լավ, թե մի քիչ վատ, կառավարությունը քայլեր կատարում է այս իրավիճակից դուրս գալու համար»: Պարոն Բոստանջյանը կարծում է, որ երկրի տնտեսությունը դրական միտումներ կարձանագրի 2010 թ: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը երբեւէ իր տեսակետնում այդքան կտրուկ չէր եղել քան այսօր: Փոխնախարարին, որը հաճախ փորձում էր իրեն ընդհատել, նա նախ խորհուրդ տվեց լսել` որպես երիտասարդ իսկ հետո ավելացրեց. «Երբ եք խելքներդ գլուխներդ հավաքելու»: Ներկա տնտեսական վիճակի համար Բագրատ Ասատրյանը հավասարապես մեղադրեց եւ ԱԺ-ին եւ Կառավարությանը. «Այս երկիրը ոչ կառավարության եւ ոչ էլ պառլամենտի սեփականությունը չէ»: Ըստ Բագրատ Ասատրյանի կանխատեսումների` 2010 թ. Հայաստանի տնտեսությունը կրկին անկում կապրի՝ սակայն ավելի նվազ, քան այս տարի էր, իսկ այս տարվա 15 տոկոս անկմանը եկող տարի կգումարվի 1-1,5 տոկոս անկում: «Հայաստանում տնտեսությունը լավագույն դեպքում կաճի 2011 թ.՝ այն էլ այն պատճառով, որ աշխարհի տնտեսություններն առողջանալու միտում են ցուցաբերում»,- ասաց պարոն Ասատրյանը:

No comments: