Monday, August 17, 2009

Ո՞ւր ես պետություն, կամ ո՞վ պիտի պայքարի հակերների հարձակումների դեմ

Tert.am. 17-8-2009- Հայաստանյան կայքերի վրա ադրբեջանցի և թուրք հակերների հարձակումների դեմ Հայաստանում պետք է պայքարել և անձնական նախաձեռնություններով, և պետական մակարդակով: Այս կարծիքն են այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել տեղեկատվական անվտանգության փորձագետները: «Մեր ազգային անվտանգության ծառայության պետը մի քանի ամիս առաջ ասաց, որ հատուկ պաշտպանության սարքեր են բերել: Հիմա լավ կլինի իրենից հարցնել, թե ինչ եղան այդ սարքերը»,- ասել է տեղեկատվության անվտանգության հարցերով մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ի պատասխան լրագրողների բազմաթիվ հարցերի, թե ով պետք է պայքարի հակերների հարձակումների դեմ: Շարունակելով՝ նա նշել է, թե վերջերս նախագահականին կից տեղեկատվական կառույց է ստեղծվել, նման մի կառույց էլ պաշտպանության նախարարությունում է ստեղծվել: Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ մերոնք «ձեռքները ծալած» չեն նստել, պարզապես արդյունքը չի երևում, քանի որ գործընթացը դեռ «խմորումների» մեջ է: «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանն էլ ասել է, թե հակերների հարձակումների դեմ պետք է պայքարել պետական ծրագրերով, ինչպես նաև անձնական նախաձեռնություններով: Այլ կերպ ասած, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու խորը ցանկություն ունեցող մեր երկրում հակերների հարձակումների դեմ պայքար «չի նկատվում», դա անգամ չեն նկատում այս ոլորտի մասնագետները: Փոխարենը, կոտրված կայքեր ունեցող նախարարարությունները միայն հերքում են իրողությունը, իսկ խնդրի մասին բարձրաձայնողներն էլ մասնավոր անձինք կամ ընկերություններ են, որոնք, բնականաբար, չեն կարող հիմնավոր լուծման հասնել: Եվ մեր երկրում դեռ գտնվում են մարդիկ, որոնք խոսում են տեղեկատվական պատերազմում հաղթելու մասին:

No comments: