Wednesday, August 19, 2009

Բրայզային գնե՞լ են. մեկնաբանում են ադրբեջանական ԶԼՄ-ները

Tert.am- 18-8-2009- Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվ քննարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Մեկբանություններից բխող եզրհանգումներից մեկի համաձայն` դա այդքան էլ հաջող ընտրություն չէ և այդքան էլ ձեռնտու չէ Ադրբեջանի իշխանությանը, քանի որ ամերիկացի դիվանագետը քաջ ծանոթ է տարածաշրջանին և ունի անկախ կապեր: Իսկ դա նշանակում է, որ իր ակտիվությամբ Բրայզան ավելորդ խնդիրներ կստեղծի ադրբեջանական իշխանություների համար: Չափազանց լավ տեղեկացված լինելով երկրում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի, ցույցերի ազատ անցկացումն արգելելու պատճառների մասին` նախկին համանախագահն ամեն կերպ կաջակցի Պետդեպարտամենտին այս ամենը վերացնելու հարցում: Այս պարագայում Բրայզան կարող է վտանգավոր դառնալ իշխանությունների համար և արժանանալ Ադրբեջանում Նորվեգիայի նախկին դեսպան Ստեյնար Գիրի ճակատագրին, ով պետության ներքին գործերին միջամտելու համար հայտարարվել էր persona non grata: Սակայն գոյություն ունեն նաև այլ ենթադրություններ և մեկնաբանություններ, որոնք ներկայացնում է «Պոլիգոն» լրատվական գործակալությունը: Առաջին` Մեթյու Բրայզային արդեն “գնել են”: Այդ կարծիքը կիսողներն ասում են, որ Բրայզան սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի իշխանությունների հետ: Հիշատակվում է, որ նրա հարսանիքին ներկա են եղել ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան չինովնիկներ, ովքեր բավական թանկարժեք նվերներ են մատուցել նրան: Այնպես որ, Բրայզայի նշանակումը կփոխի ԱՄՆ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: Իրադարձությունների նման զարգացման դեպքում, գրում է պարբերականը, Բրայզան կարող է կրկնել ԱՄՆ-ի նախկին դեսպան Էսկուդերոյի ճանապարհը, ով լուրջ բիզնես ունի Բաքվում և կարևոր դեր է խաղում իշխող «Ենի Մուսավաթ» կուսակցությունում: Երկրորդ. Բրայզան սերտ կապեր ունի Հայաստանի հետ Իսկապես, գրում է «Պոլիգոնը», հենց որ Բրայզան ընկնում է Հայաստան, սկսում է փոխել այն ամենը, ինչ ասվել էր ավելի վաղ և իր սեփական հայտարարությունները: Բացի այդ, Բրայզան և Ֆասիեն մեկ անգամ չէ, որ Հայաստանում խմել և այնպիսի պահվածք են դրսևորել, որը հետագայում Հայաստանը կարող է օգտագործել դիվանագետների դեմ: Միևնույն ժամանակ, Դեմոկրատական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն հայտարարել է, որ «փորձառու և հայտնի դիվանագետի հնարավոր նշանակումը կարող է ազդանշան լինել, թե որքան կարևոր ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանը ԱՄՆ-ի համար»: «Կարծում եմ` եթե նշանակումը հաստատվի, դա էլ ավելի կամրապնդիր Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցությունը», - ասել է Մոլազադեն:

No comments: