Thursday, August 20, 2009

ԴԵՌ ՉԳԻՏԵ՝ ԳՆԱ, ԹԵ ՉԳՆԱ

Lragir, 20-8-2009- Վերջին շրջանում հայ-քաղաքագիտական եւ քաղաքական միտքը, մասամբ նաեւ հանրային հետաքրքրությունը, կլանված է մի հարցով` կգնա արդյոք Սերժ Սարգսյանը Թուրքիա, թե չի գնա: Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանի արտահայտած միտքը հայտնի է բոլորին. “Կգնամ, եթե բացվի հայ-թուրքական սահմանը, կամ մոտ լինենք դրա բացմանը”: Այդ արտահայտությունը վկայում է ավելի շատ ոչ թե Սերժ Սարգսյանի սկզբունքայնության մասին, որքան արտահայտությունն է այն անորոշության եւ կարկամության, որ կա նաեւ նրա մոտ, կապված հայ-թուրքական հարաբերության, կամ այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության ապագայի հետ: Սերժ Սարգսյանն ինքն էլ թերեւս չի պատկերացնում, թե այդ հարաբերությունն ապագայում ինչ է պահանջելու իրենից, ու այդ իսկ պատճառով էլ գերադասում է իր համար Թուրքիա գնալու տեղ թողնել, օգտագործելով “սահմանը բացելուն մոտ լինել” արտահայտությունը:Մինչդեռ, երբ նախաձեռնվում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, նա հայտարարում էր, որ միայն Աբդուլլահ Գյուլին ուղղած հրավերով չէ, որ Հայաստանը “զինվել” է Թուրքիայի հետ հարաբերվելու որոշումից հետո: Սերժ Սարգսյանն ասում էր, որ Հայաստանն ունի այլ մտահղացումներ, որոնք կիրառելու է հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի համար: Ուր են այդ մյուս մտահղացումները: Ինչու Հայաստանը մինչ այժմ չի արել որեւէ այլ կոնկրետ քայլ, Գյուլին ուղղած հրավերից ու ապրիլի 22-ի կեսգիշերային հայտարարությունից բացի:Պատասխանը թերեւս առավել քան ակնհայտ է: Հայ-թուրքական հարաբերության կարգավորման “ֆուտբոլային դիվանագիտության” գործընթացը թերեւս երբեք չի եղել Հայաստանի “ենթակայության” տակ: Հետեւաբար Հայաստանն անկարող էր այդ գործընթացում ցուցաբերել ինքնուրույնություն: Պատահական չէ, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի մեկնարկը, այսինքն Գյուլին ուղղած հրավերը, Սերժ Սարգսյանը հնչեցրել է Ռուսաստանի մայրաքաղաքից: Դրանից բացի, երեւի թե պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերության մասին “նախաձեռնողական” մտքերի գերակշիռ մասը արտահայտել է ոչ թե Հայաստանից, այլ արտասահմանյան գործուղումների ընթացքում: Պատահական չէ նաեւ, որ նախագահի ընտրության քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չցուցաբերեց հայ-թուրքական հարաբերության մեջ “բեկում” մտցնելու իր մտադրությունը, որպեսզի շոշափեր հանրության տրամադրությունն ու ակնկալիքն այդ հարցում: Հետեւեբար, կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ երեւի թե չգիտե, թե գնալու է արդյոք Թուրքիա: Բայց ամենայն հավանականությամբ հարկ կլինի գնալ: Դա կպահանջի ոչ թե հայ-թուրքական հարաբերությունը կարգավորելու, այլ կարգավորման իմիտացիան շարունակելու տրամաբանությունը: Գործընթացն այժմ թերեւս կորցրել է իր առաջնային հետաքրքրությունը գերտերությունների, աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ, հատկապես Աֆղանստանում եւ Իրաքում որոշակի թեժացումների ֆոնին, բայց ունենալով աշխարհաքաղաքական որոշակի լուրջ պոտենցիալ, այն չի “արխիվացվի”, քանի որ ինչ որ պահից կարող է օգտակար լինել հենց աֆղանական կամ իրաքյան ուղղություններում որոշակի խնդիրներ լուծելու համար: Այնպես որ, քիչ հավանական է, որ Սերժ Սարգսյանը ստանձնի “ֆուտբոլային դիվանագիտությունը” ընդհատելու պատասխանատվությունը: Ինչ է ասելու նա հետո աշխարհաքաղաքական այն կենտրոններին, որոնց համար այդքան “կառուցողական” եւ “նախաձեռնողական” ելույթներ էր ունենում անցած մոտ մեկուկես տարվա ընթացքում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: