Saturday, October 17, 2009

Իլհամ Ալիև. «Բանակցությունների ընթացքում Ղարաբաղին երբևէ անկախություն շնորհելու հարցն ընդհանրապես չի դիտարկվել»

7Օր- 17-10-2009- «ԱզերԹաջ» գործակալության փոխանցմամբ՝ Նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա գործընթացի մասին։ «Մեր ռազմական ներուժն ամեն օր ամրապնդվում է։ Ադրբեջանական բանակն այս տարածաշրջանում ամենաուժեղն է և ամենախոշոր ռազմական ներուժն ունի։ Մեզ անհրաժեշտ է հետագայում ևս ավելացնել այդ ներուժը, քանի որ, ինչպես ընդգծեցի, մենք ապրում ենք պատերազմական պայմաններում։ Պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան բանակցությունները դեռ, ցավոք, որևէ արդյունք չեն տալիս,- ասել է Ի. Ալիևը,- և դրա միակ պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն է։ Այժմ հայկական կողմը բանակցային գործընթացում որդեգրել է ժամանակ ձգձգելու մարտավարությունը։ Դա նորություն չէ։Բանակցությունների տարբեր փուլերում մենք տեսել ենք դա։ Վճռական որոշակի րոպեների նրանք ևս մեկ անգամ փորձում են քննարկման հանել արդեն ավելի վաղ համաձայնեցված հարցերը։ Այդպես նախկինում էլ է եղել, և, ցավոք, մենք դա տեսնում ենք նաև այս փուլում։ Որոշ դեպքերում և՛ մենք, և՛ այս խնդրով զբաղվող համանախագահները մեծագույն զարմանքով են ընկալում, որ մեկ կամ երեք տարի առաջ համաձայնեցված հարցը նորից առաջ է քաշվում որպես նոր թեմա։ Սա կարող է միայն մեկ բացատրություն ունենալ՝ ժամանակի միտումնավոր ձգձգում»։ Ադրբեջանի նախագահը նաև հավելել է. «Հայկական կողմը պետք է գործնական քայլեր ձեռնարկի։ Դրանք ենթադրում են, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարակից «գրավյալ» հողերից պետք է դուրս բերի իր բոլոր զորքերը։ Այդ հարցը շատ տարիներ առաջ արդեն համաձայնեցվել է։ Այստեղ այլ կարծիք լինել չի կարող։ Այս և համաձայնեցված մնացած այլ հարցերին երկրորդ անգամ վերադառնալու միակ բացատրությունը մենք հետևյալում ենք տեսնում՝ վճռական րոպեներին արհեստականորեն ձգձգել ժամանակը և, ըստ էության, հարված հասցնել բանակցային գործընթացին։ Բայց մենք չենք նահանջի մեր սկզբունքային դիրքորոշումից»։ «Բանակցությունների գործընթացում և քննարկվող հարցերում Լեռնային Ղարաբաղին երբևէ, անգամ 100 տարի հետո անկախություն շնորհելն ընդհանրապես չի քննարկվել, և դա երբեք չի լինի։ Այդ պատճառով մենք ձգտում ենք հարցի շուտափույթ լուծմանը՝ միջազգային հանրության և սկզբունքների հիման վրա։ Ըստ դրանց՝ բոլոր «գրավյալ» հողերը պետք է ազատվեն «զավթիչներից»։ Ադրբեջանի քաղաքացիները, բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ։ Այս հարցը ևս իր անդրադարձն է ունեցել բանակցային գործընթացում։ Այնուհետև խաղաղապահ ուժերով խաղաղապահ առաքելություն կիրականացվի։ Մենք չենք առարկում դրան,- ընդգծել է Ի. Ալիևը,- Լեռնային Ղարաբաղին կարող է տրվել ժամանակավոր կարգավիճակ։ Բայց դա չի նշանակում անկախություն, և բանակցային հետագա գործընթացում երկու կողմերն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կշարունակեն ԼՂ-ի ապագա կարգավիճակի վերաբերյալ քննարկումը։ Ահա հիմնական սկզբունքները։ Դրանց շուրջ են այժմ ընթանում բանակցությունները, և ես հուսով եմ, որ հայկական կողմը, բանակցություններով կառուցողական դիրքորոշում ցուցաբերելով, մոտ ժամանակներս հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»։ «Եթե Հայաստանը լքի «գրավյալ» տարածքները, ապա մենք պատրաստ ենք բացել բոլոր հեռահաղորդակցությունները, և այդ դեպքում տարածաշրջանում կարող է խաղաղություն և համագործակցություն ստեղծվի, ապահովվի երկրների անվտանգությունը։ Առանց հայ-ադրբեջանական հակամարտության լուծման՝ տարածաշրջանում որևէ դրական տեղաշարժ հնարավոր չէ, քանի որ տարածաշրջանի հիմնական խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտությունն է։ Մենք մինչև վերջ կպայքարենք մեր ազգային շահերի համար։ Մեր պայքարն արդար է, ճիշտը մեր կողմն է։ Մենք, իհարկե, յուրաքանչյուր ճանապարհով կպաշտպանենք մեր ազգային շահերը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ բոլորն իմանան։ Ադրբեջանը հետագայում ևս չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումից ո՛չ բանակցային գործընթացում, ո՛չ էլ տարածաշրջանում ընթացող այլ գործընթացների արդյունքում»,- եզրափակել է Ի. Ալիևը։

No comments: