Saturday, October 31, 2009

Հայաստանի կառավարությունը կրճատում է ուժային կառույցներին տրվող գումարները

News.am. 30-10-2009- Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովի դատին է ներկայացրել 2010թ. բյուջեի նախագիծը, որով 2009թ. համեմատությամբ զգալիորեն կրճատվել են Հայաստանի կառավարությանն առընթեր Ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրվող գումարները: Այսպես, ԱԱԾ-ին 2010թ. տրվելու է 9,5 մլրդ դրամ, ինչը 1,7 մլրդ-ով կամ 15,2 տոկոսով ավելի քիչ է 2009թ. սպասվելիքից: Ընդ որում, այդ գումարից ազգային անվտանգության պահպանման համար ծախսվելու է 9,2 միլիարդը, իսկ 299 միլիոնը ուղղվելու է սոցիալական հարցերի լուծմանը: ԱԱԾ փոխտնօրեն Ֆելիքս Ցոլակյանը ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին հայտնեց, որ 2010թ. ԱԱԾ-ն որեւէ նոր ծրագիր չի իրականացնելու, իսկ կրճատված գումարները հիմնականում կապիտալ ոլորտի` շինարարության եւ այլնի վրա է ազդելու: Ոստիկանությանը 2010թ. տրվելու է 23 մլրդ 565 մլն դրամ, ինչը 1,5 մլն-ով կամ 5,5 տոկոսով ավելի քիչ է 2009թ. սպասվելիքից: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հանձնաժողովի անդամներին հայտնեց, որ կրճատումը պայմանավորված է ֆինանսական հնարավորություների սղությամբ: Իսկ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանն, իր հերթին, նշեց, թե ոստիկանությանը, ինչպես միշտ, հատկացվում է պետբյուջեի 3 տոկոսը: Գումարից 22,5 մլրդ-ը նախատեսված է հասարակական կարգի պահպանման համար: Ոստիկանությունը 73 մլն է ծախսելու դեղորայքի, 173 մլն` անձնագրերի բլանկների համար: Բյուջեով մոտ 5,4 մլրդ դրամ է տրվելու Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որից 4,1 մլրդ-ը տրամադրվելու է Փրկարար ծառայությանը:

No comments: