Saturday, October 31, 2009

ՍԵՆԱՏԻ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎԸ ԽԱՌՆՈՒՄ Է ԽԱՂԱԹՂԹԵՐԸ

«ԱԶԳ», 30-10-2009- Հոկտեմբերի 21-ին հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանում վավերացման ներկայացնելիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն բացահայտեց իր կառավարության իսկական նպատակները, գրում է իր հերթական սյունակում «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը: Ստորեւ թարգմանաբար նրա հոդվածը` որոշ հապավումներով: Դավութօղլուն նշեց, որ պատմական արխիվների ուսումնասիրման ընդունումը Հայաստանի կողմից նշանակում էր, որ հայերը հրաժարվում են պատմության միակողմանի մեկնաբանության իրենց դիրքերից եւ ընդունում են Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` հիմնված անցյալի պայմանագրերի վրա: Նա նաեւ նշեց, որ արձանագրությունները նպաստելու են «ազատագրելու ադրբեջանական տարածքները», այսինքն` Ղարաբաղը (Արցախը): Հասկանալի է, որ Դավութօղլուն փորձելու էր արձանագրություններին տալ հնարավորինս լավ մեկնաբանություն, որպեսզի ապահովեր դրանց վավերացումը, ասենք, որ նրա թվարկած երեք հիմնավորումները հենց նույն պատճառներն են, որոնց դեմ էին արտահայտվում հայերից շատերը: Ինչպես ակնկալվում էր, Դավութօղլուն խիստ քննադատության ենթարկվեց խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների կողմից, որոնք դեմ են արձանագրություններին: Ամենախիստ քննադատությունն, այդուհանդերձ, հնչեցրեց խորհրդարանի քրդական խմբակցության առաջնորդ Սելահեթդին Դեմիրթաշը, որը կառավարությանը պատասխանատվության կանչեց «հայոց կոտորածների» փաստերն աղավաղելու եւ ժխտելու համար: Նման քննադատություն երբեք դրանցից առաջ չէր հնչել թուրքական խորհրդարանում: Դեմիրթաշը համարձակորեն ասաց. «Հավատացած ենք, որ ժամանակն է խոսելու մի թեմայի շուրջը, որն այնքան տառապանք է պատճառել հայ ժողովրդին: Դա թուրքական հանրապետության առաջ ծառացած գլխավոր խնդիրներից մեկն է: Հարյուր տարի առաջ իթթիհադական կուսակցությունը` նպատակ ունենալով ամբողջ Անատոլիան իսլամականացնելու եւ թուրքացնելու, հետամուտ եղավ բնաջնջելու բոլոր ոչ մահմեդականներին, հատկապես հայերին, նրանց այս տարածքներից տարագրելու եւ կոտորելու միջոցով»: Անտեսելով իր հասցեին ուղղված կառավարող կուսակցության (AKP) եւ այլոց վիրավորանքները, Դեմիրթաշը քննադատեց կառավարության ժխտողական քաղաքականությունը, որը, նպատակ ունենալով խուսափելու այդ «ողբերգության» հետեւանքներից, ստեղծում էր «կեղծ մի պատմություն»` կարծես այդ բոլորը երբեք էլ տեղի չի ունեցել: «Մենք պարտավոր ենք խոսել այդ ամենի մասին եւ ճշտել մեր տվյալները», եզրակացրեց նա: Թուրքական խորհրդարանում ելույթ ունենալուց անմիջապես հետո Դավութօղլուն Բաքու թռավ` հանգստացնելու ադրբեջանցիների բորբոքված նյարդերը արձանագրությունների կապակցությամբ: Հասկանալով նրանց վրդովմունքի խորությունը, նա ստիպված էր մի քանի արտասովոր հայտարարություններ կատարել` ասելով. «Ադրբեջանի հողերը մեզ համար սուրբ են, եւ դրանց ազատագրումը Թուրքիայի առաջնահերթ խնդիրն է: Մենք չենք փոխելու մեր դիրքորոշումը, նույնիսկ եթե երկինքը փուլ գա երկրի վրա»: Նա նաեւ ավելացրեց. «Եթե կարիք լինի, 72 միլիոն թուրքերը պատրաստ են մահանալու Ադրբեջանում»: Ադրբեջանի ղեկավարները, սակայն, այնքան էլ չտպավորվեցին Դավութօղլուի ուռճացած խոսքերից: Շարունակվեց Թուրքիայի ֆինանսավորմամբ գոծող մզկիթների փակումը, վերացվեցին Բաքվում թուրք նահատակների գերեզմանի վրայից թուրքական դրոշները եւ սպառնալիքներ հնչեցին բարձրացնելու թուրքերին վաճառվող նավթի գինը: Մինչ չափազանց հագեցած ծրագրով Դավութօղլուն գտնվում էր Բաքվում, Վաշինգտոնից հեռարձակված լուրը եկավ խառնելու Անկարայի քաղաքական խաղաթղթերը: Մի նոր բանաձեւ ներկայացվեց Մ. Նահանգների Սենատին` վերահաստատելու Հայոց ցեղասպանության փաստը: Այս անակնկալ զարգացումը ուժեղ ազդանշանային պատգամ էր` ուղղված ոչ միայն Թուրքիային, այլեւ Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոմիության եւ անգամ Մ. Նահանգների ղեկավարներին: Ի հեճուկս իրենց ակնկալիքների, թուրք ղեկավարները հասկացան, որ արձանագրությունները վերջ չէին դնելու Հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդարության վերահաստատման գործընթացին: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը տագնապել էր եւ անմիջապես քննադատեց բանաձեւի անցկացումը «Ամերիկայի ձայնին» տված իր հարցազրույցի ընթացքում: Նա «ցավալի» եւ «անհաջող» հորջորջեց նման բանաձեւի առաջադրման ժամանակը, ակնարկելով, որ դա տեղի էր ունեցել Թուրքիայում արձանագրությունների խորհրդարան մտնելու հաջորդ օրը: Հարգարժան դեսպանը մոռացավ, սակայն, նշել, թե երբ էր, իր կարծիքով, առավել հարմար ժամանակը դրա համար: Թուրքիայի առաջնորդներն այժմ երկընտրանքի դժվարին կացության առաջ են կանգնած: Եթե շտապեն վավերացնել արձանագրությունները, որպեսզի բանաձեւը զրկեն քաղաքական պաշտպանությունից, ապա նեղացնելու են իրենց ազերի «եղբայրներին»` Ղարաբաղի վերաբերյալ իրենց խոստումը չկատարելու կապակցությամբ: Մյուս կողմից, եթե նրանք հետաձգեն վավերացումը մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 24-ը եւ ավելին (ակնկալելով, որ Հայաստանը զիջումներ կկատարի Արցախի հարցի վերաբերյալ), ապա վտանգի կենթարկեն իրենց, այն իմաստով, որ մինչ այդ Ներկայացուցիչների պալատը կամ Սենատը (կամ երկուսն էլ) ընդունած կլինեն Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւը: Հաշվի առնելով, որ 2010 թվականը ընտրությունների տարի է Ներկայացուցիչների պալատի բոլոր եւ Սենատի մեկ երրորդ անդամների համար, Կոնգրեսի պատգամավորներն, ըստ սովորության, ավելի պատասխանատու են զգալու ընտրազանգվածին տված իրենց խոստումների հանդեպ եւ դրանով մեծացնելու բանաձեւի ընդունման հավանականությունը: Ավելին, նախագահ Օբաման պարտավորված է լինելու ճնշել թուրքերին, որ վավերացնեն արձանագրությունները նախքան ապրիլի 24-ը, որպեսզի առնվազն «երես ունենա» իր հաջորդ «Մեծ եղեռն» բառերը հնչեցնելու: Հետեւաբար, եթե Հայաստանի ղեկավարները շարունակեն պինդ մնալ հասարակությանը տված իրենց պարտավորություններում, եւ ոչ մի զիջումի չգնան, ապա Անկարայի առաջիկա քայլերի ղեկը կպահեն իրենց ձեռքերում: Միաժամանակ, նախագահ Սարգսյանը նույնպես պետք է պահի իր խոստումը` կապված ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակման հետ: Այս առիթով լավ կլինի, որ նախագահ Սարգսյանը նամակ հղի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ղեկավարությանը` քաջալերելու նրանց առաջադրած բանաձեւի անցկացումը: Հաշվի առնենք, որ թուրքական կառավարությունը ոչ մի անգամ չի տատանվել նամակների միջոցով հակաքարոզչություն ծավալելու ընդդեմ կոնգրեսական բանաձեւերի ընդունման: Մ. Նահանգների Կոնգրեսին հասցեագրված նման պաշտպանական նամակը նվազագույնն է, որ Հայաստանի նախագահը կարող է անել: Դա նաեւ այն ազդանշանային պատգամը կհնչեցնի Վաշինգտոնին, Մոսկվային եւ այլոց, որ Հայաստանը չի հրաժարվում իր պատմական իրավունքներից, անգամ այլ բնագավառներում զիջումներ կատարելու ճնշումների ենթարկվելու դեպքում: Ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարները ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` խուսափելու համար հետագա սխալ քայլերից:

No comments: