Wednesday, December 9, 2009

Տիգրան Թորոսյան. Հայաստանի իշխանություններին չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելը ուշադրությունը շեղում է իրական վտանգներից ու սխալներից

7-12-2009- NEWS.am-ի զրուցակիցը քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
-Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների կողմից դեկտեմբերի 1-ին Աթենքում ընդունված հայտարարությունը: -Հինգի հայտարարությունը ոչ մի էական տարբերություն չունի հուլիսին լ’Աքվիլայում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունից, հետեւաբար՝ կարգավորման առումով առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում: Հեշտ է նկատել, որ այն ավելի ցածր կարգավիճակ ունի, քան նախագահների հայտարարությունը: Ընդհանրապես, նախարարների հայտարարությունը նաեւ չի կարող դիտարկվել որպես հակամարտության կարգավորման փաստաթուղթ: Այն պարզապես դիրքորոշում է, ինչպես, օրինակ, նախարարներից որեւէ մեկի ելույթը, մասնավորապես, ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում: Այդ առումով հայտարարությունը չարժե կարեւորել, իսկ այն քննության առարկա դարձնելիս՝ հարկ է դիտարկել նույն նախարարների մեկ օր անց ունեցած ելույթների ենթատեքստում:
-Այդ փաստաթղթում նշված է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա: Ըստ Ձեզ, ինչպե՞ս են իրար հետ համադրվելու այդ սկզբունքները՝ առավել ընդունելի լուծման հասնելու համար:
-Նախ, այդ հայտարարության մեջ հակամարտության կարգավորման սկզբունքների մասին արտահայտությունը նորություն չէ եւ կրկնում է Մադրիդյան սկզբունքների նախագծի եւ լ’Աքվիլայի նախագահների հայտարարության համապատասխան դրույթները: Սկզբունքները համադրելու կարիք չկա, միջազգային իրավունքը նման բան չի նախատեսում: Սկզբունքներից յուրաքանչյուրը կիրառվում է կոնկրետ խնդիր լուծելու համար: Ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի չկիրառման սկզբունքը ենթադրում է հակամարտության կարգավորում զուտ խաղաղ միջոցներով, բանակցությունների հիման վրա: Մյուս երկու սկզբունքները կիրառվում են, քանի որ ղարաբաղյան հակամարտությունում կան երկու զույգ կողմեր` Ադրբեջան-Հայաստան, Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ: Առաջին զույգի հարաբերությունները (օրինակ, Արծվաշենի խնդրի հետ կապված) պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայն, քանի որ միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերում տեղ գտած սահմանումները արձանագրում են, որ այդ սկզբունքը գործում է ԵԱՀԿ եւ ՄԱԿ անդամ պետությունների միջեւ: Իսկ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները պետք է կարգավորվեն ինքնորոշման իրավունքի հիման վրա, երբ հակամարտության կողմեր են ճանաչված պետություն եւ չճանաչված պետություն, որը անջատվել է մետրոպոլիայից: Լուծումը չի կարող լինել առավել կամ պակաս ընդունելի, այն պետք է ճշտորեն համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ դրա իրացումը լիովին համապատասխանում է այդ նորմերին: Ցավոք սրտի Հայաստանում դա դեռեւս լիարժեք գիտակցված չէ, այնպես, ինչպես շատերը, որ «զբաղվում են» կարգավորման խնդիրներով, խիստ մակերեսային պատկերացում ունեն միջազգային իրավունքի նորմերի մասին: -Ինչպե՞ս կգնահատեք մինչ այժմ չարծարծվող, սակայն այս փաստաթղթում արդեն տեղ գտած «ժողովուրդների իրավահավասարություն» արտահայտությունը։ -Ինքնորոշման իրավունքի ճշգրիտ ձեւակերպումը` ըստ միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի, հետեւյալն է. «ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունք», որի կարճ ձեւն է «ինքնորոշման իրավունք»-ը: Տրամաբանությունն էլ շատ պարզ է: Քանի որ ժողովուրդները իրավահավասար են, որեւէ մեկը մյուսի նկատմամբ չունի գերակայություն, ապա նրանք ազատ են՝ որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը, որը չի կարող սահմանափակվել որեւէ ժողովրդի, պետության կամ կազմակերպության կողմից:
-Տպավորություն է ստեղծվում, թե հայկական կողմը պարտվողական մոտեցում է որդեգրել: Ըստ Ձեզ, ո՞րն է դրա պատճառը: -Նախ պետք է ճշտել, թե ով է նման «տպավորություն» ստացել եւ որոնք են դրա հիմնավորումները: Աթենքյան հանդիպումներն ու հայտարարությունները նման «տպավորություն» չեն կարող ստեղծել, քանի որ հուլիսյան հայտարարություններից ոչնչով չեն տարբերվում: Աթենքյան հայտարարությունները արժանահիշատակ են այլ պատճառով. դրանցից հետո Հայաստանում սկսվեցին աննախադեպ շահարկումներ թե՛ իշխանության, թե՛ Կոնգրեսի կողմից: Առաջինն առանց որեւէ հիմքի պնդում է թե նախարարների հայտարարությունը կարեւոր ձեռքբերում էր, քանի որ դրան միացել է Մամեդյարովը, երկրորդը, նույնպես առանց հիմքի, հայտարարեց, որ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի միաժամանակյա հիշատակումը նշանակում է, թե իշխանությունը համաձայնել է, որ ԼՂՀ-ն անցնի Ադրբեջանի ենթակայության ներքո: Նման աննախադեպ եւ կոպիտ շահարկումները թե՛ իշխանության, թե՛ Կոնգրեսի կողմից չափազանց վտանգավոր են: Եվս մեկ վտանգ, որը ավելի ու ավելի սաստկանում է: Հայաստանի իշխանությունները չպետք է ներկայացնեն ԼՂՀ-ն բանակցություններում: Դա ոտնահարում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Աթենքյան հանդիպումներն այդ իմաստով ավելի են վատթարացնում իրավիճակը, քանի որ այնտեղ, իր մեկնաբանությունների ժամանակ Նալբանդյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցություններին շրջանակային համաձայնագիրը ստորագրելուց հետո: Դա միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է եւ հարվածի տակ է դնում խնդրի արդարացի եւ օրինական կարգավորման հնարավորությունը:
-1997թ. ընդունված Լիսաբոնյան փաստաթղթում տեղ գտած տարածքային ամբողջականության մասին կետը հզոր հակազդեցություն առաջացրեց Լեռնային Ղարաբաղում, իսկ ԵԱՀԿ վերջին հայտարարությունները, կարծես, անարձագանք մնացին այնտեղ: Ինչո՞վ կբացատրեք ԼՂՀ իշխանությունների նման վերաբերմունքը։ -Բացատրությունն ակնհայտ է յուրաքանչյուրի համար, ով անաչառ է եւ գիտե միջազգային իրավունքի նորմերի իմաստն ու նշանակությունը: Լիսաբոնում խոսք էր գնում կարգավորման մեկ սկզբունքի` տարածքային ամբողջականության մասին, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձվեր Ադրբեջանի ենթակայության ներքո: Բնական է, որ նման կարգավիճակը անընդունելի է ցանկացած ողջամիտ մարդու համար եւ պետք է առաջացներ մեծ դժգոհություն: Հայտարարությունները, որտեղ միաժամանակ հիշատակվում են տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնորոշման իրավունքը, բոլորովին այլ լուծում են ենթադրում: Դա հնարավորություն է տալիս հայկական կողմերին՝ ճիշտ գործողությունների արդյունքում ապահովել ԼՂՀ միջազգային ճանաչումը: Կարծում եմ տարբերությունն ակնհայտ է, եւ ԼՂՀ իշխանությունների արձագանքը աթենքյան հայտարարություններին համարժեք է դրանց բովանդակությանը: Բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու եւ գրելու այն լուրջ սխալների մասին, որոնք թույլ են թվել Հայաստանի իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այսօր էլ կոպիտ սխալներ արվում են, որոնցից ամենալուրջը ԼՂՀ փոխարեն բանակցություններին մասնակցել է եւ աթենքյան հայտարարություններից հետո ծավալված աննախադեպ շահարկումները: Հայաստանի իշխանություններին այլ, չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելը ոչ միայն շահարկումների արդյունք է, այլեւ շատ վտանգավոր, քանի որ ուշադրությունը շեղում է իրական վտանգներից ու սխալներից: Զրուցեց Անի Ղազարյանը

No comments: