Wednesday, December 9, 2009

Հ.Բաբուխանյան. Հայաստանը հաստատակամ է իր քաղաքականության մեջ

Aysor.am. 9-12-2009- Թուրքիայի վարչապետի հայտարարությունը ԱՄՆ-ում և ԵԱՀԿ նախարարների հայտարարությունը` Աթենքում ոչ մի կերպ չեն կարող անդրադառնալ ոչ հայ-թուրքական հարաբերությունների, ոչ Ղարաբաղյան կարգավորման գործընթացների վրա: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Բանախոսը գտնում է, որ Թուրքիան վերջիվերջո կգնա ստորագրված արձանագրությունների վավերացմանը, թեև կփորձի առավելագույնը շահել Հայաստանից այլ հարցերում, մանավանդ` Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ: Քաղաքական գործչի համոզմամբ, Անկարային դա չի հաջողվի անել թե միջազգային հանրության և թե Հայաստանի այն հստակ դիրքորոշման շնորհիվ, որ այդ երկու գործընթացները ոչ միայն փոխկապակցված չեն, այլ նաև պայմանավորված չեն մեկը մյուսով: «Հայաստանը հաստատակամ է իր արտաքին քաղաքականության մեջ»,- շեշտեց Հ.Բաբուխանյայնը, նշելով, որ հենց դրանով են պայմանավորված թե Բաքվի և թե Անկարայի պաշտոնյաների հայտարարությունները: Անդրադառնալով Թուրքիային հայկական կողմին հնարավոր զիջումների մասին խոսակցություններին, ՍԻՄ նախագահն ասաց, որ Հայաստանն արդեն զիջել է, որ սկսել է բանակցություններն առանց նախապայմանների: «Նախ և առաջ Թուրքիան պետք է ճանաչեր Ցեղասպանությունը, վերացներ դրա հետևանքները, վերադարձներ 1918-20 թվականներին օկուպացված և անեքսիայի ենթարկված Հայաստանի տարածքները, որից հետո միայն նստեր բանակցությունների սեղանի շուրջ», - գտնում է Հ.Բաբուխանյանը: Նա նշեց, որ զարգացումների նման տարբերակը իդեալական ճշմարտություն է, սակայն միջազգային հանրությունը հասկանում է, որ արդեն սկսելով բանակցությունները Հայաստանը շատ լուրջ զիջումների է գնացել` ելնելով իրականությունից և տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունից:

No comments: