Thursday, December 10, 2009

Օբաման «երախտագիտությամբ և համեստորեն» ընդունեց Նոբելյան մրցանակը

Tert.am. 10-12-2009- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունեց իրեն շնորհված խաղաղության համար Նոբելյան մրցանակը: Ինչպես հայտնի է, արարողությունը կազմակերպվել է Օսլոյի քաղաքապետարանում: Նոբելյան դիպլոմն ու շքանշանը Օբամային շնորհել է Նոբելյան հանձնաժողովի նախագահ Թուրբյորն Յագլանդը: 10 մլն շվեդական քրոն (1,4 մլն դոլար) կազմող պարգևավճարը փոխանցել էին Բարաք Օբամայի դեռ առավոտյան Նոբելյան ինստիտուտում: Յագլանդը բացատրել է, թե ինչու է Օբաման առաջադրվել մրցանակի, ինչը, ըստ շատերի, վաղաժամ էր: «Եթե հարցը ձևակերպենք այնպես, ինչպես Նոբելը, ապա պատասխանը բավական պարզ է. դափնեկիրը պետք է դառնա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հազվադեպ է, երբ մի մարդ կատարում է այդքան կարևոր դեր միջազգային քաղաքականությունում և այդքան կարճ ժամանակահատվածում նախաձեռնում է այդքան լուրջ փոփոխություններ»,- մասնավորապես նշել է Նոբելյան հանձնաժողովի նախագահը: Օբաման պատասխան ելույթում նշել է, որ ընդունում է խաղաղության Նոբելյան մրցանակը «երախտագիտության և համեստության զգացումով»: Նա նաև ընդունել է, որ ներկա պահին իր ձեռքբերումները հանուն խաղաղության պայքարներում շատ համեստ են:

No comments: