Saturday, December 12, 2009

Հայաստանն ու Ադրբեջանը իրար դեմ ֆուտբոլ չեն խաղա

Tert.am. 11-12-2009- 2010 թ. փետրվարի 7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կկայանա «Եվրո-2012»-ի ընտրական փուլի վիճակահանությունը: ՈւԵՖԱ-ի անդամ երկրները ընդգրկվել են 6 զամբյուղներում: Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են տարբեր զամբյուղներում, ուստի չէր բացառվում, որ հարևան երկրները հայտնվեցին նույն խմբում: Սակայն, ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել, որ 2 երկրները միասին որևէ խմբում չեն հայտնվելու: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռևազ Արվելաձեն: Բնականաբար հարց է առաջանում, թե ի՞նչ կապ ունի Արվելաձեն հայ-ադրբեջանական ֆուտբոլային հարաբերությունների հետ: Պատճառն այն է, որ Վրաստանն էլ ներկայումս խնդիր ունի Ռուսաստանի հետ, և այս կապացությամբ Արվելաձեն հանդիպել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկել է վիճակահանության հնարավոր տարբերակները: Հենց այս հանդիպման ժամանակ էլ ՈՒԵՖԱ-ն հայտնել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ Ռուսաստանը ու Վրաստանը, Հայաստանը ու Ադրբեջանը լինելու են տարբեր զամբյուղներում: Հիշեցնենք, որ «Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանը և Ադրբեջանը նույն խմբում էին, սակայն այս հավաքականների միջև հանդիպումները չկայացան: ՈՒԵՖԱ-ն եկավ այն եզրակացության, որ հանդիպումների անցկացումը վտանգավոր է: Արդյունքում տուժեցին Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները, որոնք 2-ական հանդիպում քիչ անցկացրեցին մյուս մասնակիցներից: Եվրո-2012-ի զամբյուղներ. 1-ին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ռուսաստան։ 2-րդ զամբյուղ. Հունաստան, Չեխիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սերբիա, Թուրքիա, Դանիա, Սլովակիա, Ռումինիա։ 3-րդ զամբյուղ. Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իռլանդիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա։ 4-րդ զամբյուղ. Սլովենիա, Լատվիա, Հունգարիա, Լիտվա, Բելառուս, Ուելս, Մակեդոնիա, Կիպրոս։ 5-րդ զամբյուղ. Մոնտենեգրո, Ալբանիա, Էստոնիա, Վրաստան, Մոլդովա, Իսլանդիա, Հայաստան, Լիխտենշտեյն։ 6-րդ զամբյուղ. Ադրբեջան, Լյուքսեմբուրգ, Մալտա, Ֆարերյան Կղզիներ, Անդորրա, Սան-Մարինո։

No comments: