Thursday, December 10, 2009

ԱՄՆ–ը սահմանեց Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության չափը

Tert.am. 10-12-2009- Միացյալ Նահանգների Կոնգրեսը և սենատը համաձայնության են եկել 2010թ. ֆինանսական հատկացումների վերաբերյալ՝ այսպիսով 41 մլն դոլար հատկացնելով Հայաստանին տնտեսական օգնության փաթեթի շրջանակներում, 8 մլն դոլար Լեռնային Ղարաբաղին՝ «ծրագրերի և գործունեությունների» իրականացման համար։ ԱՄՆ պաշտոնյաները որոշել են նաև պահպանել բյուջետային հավասարակշռությունը ռազմական օգնության փաթեթում, որը հատկացվում է Հայաստանին ու Ադրբեջանին։ Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն։ Նշենք, որ ֆինանսական հատկացումների այդ թվերը վերջնակապես ամփոփվել են հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է ԱՄՆ կոնգրեսի և սենատի ներկայացուցիչներից, որոնց առջև խնդիր էր դրված կազմել 2010թ. ֆինանսական հատկացումների բյուջեն՝ համադրելով Սենատի և Կոնգրեսի առաջարկները։ Այսպիսով, ԱՄՆ կոնգրեսի տարբերակի համաձայն՝ 48 մլն դոլար էր հատկացվում Հայաստանին, 10 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղին և ֆինանսական հավասար միջոցներ որպես ռազմական օգնություն՝ Հայաստանին ու Ադրբեջանին։ Մինչդեռ ԱՄՆ սենատի տարբերակի համաձայն՝ 30 մլն դոլար էր հատկացվում Հայաստանին. ի դեպ, այս տարբերակը չէր ներառում որևէ օգնություն Լեռնային Ղարաբաղին կամ ռազմական օգնություն թե՛ Երևանին, թե՛ Բաքվին։ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի՝ Հայաստանի համար առաջ քաշված ֆինանսական օգնության 39%-անոց կրճատումը՝ նախորդ տարվա համեմատ, արմատապես հակասում էր նախագահական նախընտրական քարոզարշավի շրջանակներում տրված խոստումին, այն է՝ պահպանել ֆինանսական օգնության չափաքանակը Հայաստանի համար, ինչպես նաև նպաստել վերջինիս զարգացմանն ու առաջընթացին։ Նշենք, որ ԱՄՆ կոնգրեսը, այնուամենայնիվ, տեղի չի տվել նախագահ Օբամայի բյուջետային առաջարկին հրաժարվել Հայաստանին և Ադրբեջանին հավասար ռազմական օգնության ցուցաբերելու քաղաքականությունից։ Ինչպես նշել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը, «մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր մեր ընկերներին՝ տկն Լոուին, Ադամ Շիֆին, Մարկ Քիրքին, Սթիվ Ռոթմանին, Ջես Ջեքսոնին, Սթիվ Իսրայելին և Ֆրենկ Լոբիոնդոյին Հայաստանին հատկացվող 41 մլն դոլարի առաջարկը ստարելու, ինչպես նաև առաջին անգամ Լեռնային Ղարաբաղին հատկացվող նման մեծ օգնության համար»։

No comments: