Sunday, December 13, 2009

Անկարգություններ Թուրքիայում. Եվրամիությունն անհանգստացած է

Aysor.am. 12-12-2009- Թուրքիայի Հակքարի քաղաքում խաղաղ ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների: Անկարգությունների պատճառ է հանդիսացել քրդական փոքրամասնության շահերը պաշտպանող Դեմոկրատական հասարակության կուսակցության լուծարումը: Նման որոշում է ընդունել Թուրքիայի Սահմանադրական դատարանը` մեղադրելով կուսակցության ղեկավարներին Թուրքիայի տարածքում անկախ պետություն ստեղծել ցանկացող քուրդ գրոհայինների հետ կապեր համար: Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Վեստին», ցուցարարները քարեր և պայթուցիկ նյութով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ վերջիններս ցուցարարների հանդեպ ջրանետ տեխնիկա և արցունքաբեր գազ են կիրառել: Թուիրքիայի Սահմանադրական դատարանի այս որոշման կապակցությամբ իր անհանգստությունն է արտահայտել Եվրամիությունը: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, Շվեդիայի` ԵՄ նախագահող երկրի, ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դատապարտում է բռնությունը և ահաբեկչությունը, սակայն քաղաքական կուսակցությունների լուծարումը բացառիկ միջոց է, որը պետք է ձեռնարկվի ծայրահեղ զսպվածությամբ: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչն, իր հերթին, հայտարարել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է, սակայն պետք է զգուշությամբ մոտենալ այնպիսի հարցերին, ինչպիսին է քաղաքական իրավունքների սահմանափակումը:

No comments: