
«ԱԶԳ», 09-12-2009- Այս կարծիքն է արտահայտել Սիրանուշ Պապյանը Lragir.am կայքում, հիմնվելով այդ բնագավառում որոշ մարդկանց հետ իր զրույցների վրա: Ըստ «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության ղեկավար Վահե Դանիելյանի , օրինակ, գործակալությունը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրյակին:
Նամակագիրները երբեմն Թոմ կամ այլ օտար անուն են օգտագործել, բայց պարզվել է, որ թուրք են գրողները: Նրանք հիմնականում հետաքրքրվել են ոչ թե բնակարաններով, այլ Երեւանի արվարձաններում գտնվող գործարանների հողատարածքներով: Այն հարցին, թե գործակալությունը որեւէ տարբերություն կարո՞ղ է դնել թուրք գնորդի եւ, ասենք, ֆրանսիացի եւ անգլիացի գնորդի միջեւ, Դանիելյանը պատասխանել է, որ բիզնեսի տեսակետից որեւէ տարբերություն չպետք է դրվի: Նա համաձայնել է, որ անշարժ գույքի շուկան դրանով կարող է ակտիվանալ, բայց միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ եթե թուրքերը սահմանը բացելուց վեց ամիս հետո դարձյալ փակեն, ապա նրանք հնարավորություն չեն ունենա հետ պահանջելու իրենց գույքը:
Նույն հարցի շուրջը խոսելովՙ «Կասկադ» անշարժ գույքի գործակալության ղեկավար Վարդան Ավագյանը նշել է, որ օտարները, ըստ Հայաստանի օրենսդրության, իրավունք չունեն հողատարածք գնելու, այսինքնՙ նրանք իրավունք ունեն գնելու այդ տարածքի վրա կառուցված «գույքը»ՙ շենքը, բայց ոչ հողատարածքը, որի վրա այն կառուցված է: Առայժմ, նա ավելացրել է, որ ոչ մի գործարք կնքված չէ որեւէ թուրքի հետ:
No comments:
Post a Comment