Tuesday, January 12, 2010

Հակամարտությունը Թուրքիայի ու Իսրայելի միջեւ նոր թափ է հավաքում

News.am. 12-1-2010- Իսրայելի ԱԳՆ-ն հունվարի 11-ին պատասխանել է Թուրքիայի վարչապետի քննադատությանը եւ հայտարարել, որ Թուրքիան բացարձակապես իրավունք չունի էթիկայի դասեր տալ Իսրայելին եւ նրա զինված ուժերին: Այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ի աղբյուրը: Դրան զուգահեռ, Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնը Թուրքիայի դեսպանին հրավիրել է ԱԳՆ եւ բողոքի նոտա հանձնել նրան` Թուրքիայի հեռուստատեսությամբ հակաիսրայելական սերիալ ցուցադրելու համար, որտեղ իսրայելական հատուկ ծառայության աշխատակիցը ներկայացվում է որպես երեխա առեւանգող: Հանդիպման ժամանակ Այալոնը հրաժարվել է սեղմել Թուրքիայի դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքքոլուի ձեռքը, երբ այդ մասին խնդրել են լրագրողները: Ավելին, նա եբրայերեն ասել է. «Մենք միայն ցանկանում ենք, որպեսզի ընդգծվի, որ նա մեզանից սարսափելի ցածր է, եւ որ սեղանին միայն մեկ դրոշ կա»: Ապա անգլերենով դիմել է դեսպանին ասելով. «Ցավոք, ինչ-որ բան մեզ անհանգստացնում է, որը ես ցանկանում եմ քննարկել Ձեզ հետ առանց մամուլի ներկայության, որպեսզի պահպանվի գաղտնիությունը»: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբանանի վարչապետ Հարիրիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Իսրայելը ոչ համարժեք ուժ է կիրառում պաղեստինցիների դեմ եւ սպառնալիք է Մերձավոր Արեւելքի խաղաղությանն ու կայունությանը: «Մենք չենք կարող անտարբեր մնալ, երբ Իսրայելը խախտում է Լիբանանի օդային տարածքը եւ նրա տարածքային ջրերը»,- հավելել է նա: Էրդողանը նաեւ սուր քննադատության է ենթարկել Իսրայելին՝ կիրակի օրը Գազայի հատվածի ռմբակոծության համար: «Իսրայելի իշխանությունը պետք է ժամ առաջ հայտարարի, թե արդյո՞ք ինքը խաղաղության կողմնակից է: Մենք պաշտպանում ենք նրան, ով խաղաղության կողմնակից է եւ տուժող կողմ, եւ դրա վրա ենք կառուցելու մեր քաղաքական աշխարհընկալումը»,- նշել է Թուրքիայի վարչապետը՝ նկատելով նաեւ, որ Թուրքիան դեմ է միջուկային մրցավազքին, սակայն կողմ է, որ Իրանը խաղաղ նպատակներով միջուկային ծրագրեր մշակի: Նա հավելել է, որ Իսրայելը մասնակցում է «միջուկային մրցավազքին», սակայն նրան ոչ ոք չի մեղադրում:

No comments: