Monday, January 11, 2010

Հմայակ Հովհաննիսյան. Երեկվա ընտրությունները բացահայտ խայտառակություն էին

News.am. 11-1-2010- «Երեկվա ընտրությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ բացահայտ խայտառակություն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով պատգամավորական թափուր տեղի համար 10-րդ ընտրատարածքում հունվարի 10-ին տեղի ունեցած ընտրությունները։ «Դա ծանրագույն հարված էր երկրի հեղինակությանը»,-նշեց նա ու հավելեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խստագույնս պատժի կատարվածին մասնակից բոլոր չինովնիկներին եւ, անվավեր ճանաչելով այս ընտրությունների արդյունքները, դրանով ցույց տա, որ ինքը համահեղինակ չէ կատարվածին եւ իր «դաբրոն չի տվել ընտրություններ կոչվող այս խայտառակ իրադարձություններին»: Նա հիշեցրեց, որ ընտրությունների օրը արդեն կեսօրին հարձակվել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի վրա, ծեծի ենթարկել նրան եւ որ այդ նպատակով մոբիլիզացվել է խուժանը: Հարցին, թե ինչո՞վ կբացատրի ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունը ընտրություններին, Հմայակ Հովհաննիսյանը նկատեց. «Մարդկանց հիշողության մեջ դեռեւս թարմ են մարտի 1-ի դեպքերը եւ նրանք վախենում են, որ իրենց էլ կարող են ծեծել, ինչպես, ասենք, ծեծում են ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց»: Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը եւս 10-րդ ընտրատարածքում առաջադրվել էր որպես պատգամավորության թեկնածու , սակայն հանել էր իր թեկնածությունը՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի։

No comments: