Monday, January 11, 2010

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հնչակյան կուսակցությունը մեծ ներդրում ունի ՀԱԿ-ի ստեղծման գործում»

/PanARMENIAN.Net/ 9.01.2010 - Հունվարի 9-ին Երեւանում տեղի ունեցած ՍԴ հնչակյան կուսակցության հայաստանյան ներկայացուցչության 7-րդ համագումարում ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանի խոսքերի համաձայն, իրենց ղեկավարած ազգային շարժումն ավելի ու ավելի է ընդարձակվում, եւ խոսք լինել չի կարող այդ պայքարի անհաջողության մասին: «Մեր պայքարի մարման պատճառը կարող է լինել միայն Հայաստանի իշխանությունների հաջողությունը, սակայն վերջին երկու տարիների ընթացքում երկրի ղեկավարությունը գրանցել է միայն պարտություններ եւ անհաջողություններ», - նշել է ՀԱԿ առաջնորդը: ՍԴՀԿ մասին խոսելով, Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձր է գնահատել նրա ներդրումը Հայ ազգային կոնգրեսի ստեղծման եւ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը կազմակերպելու գործում: «Ես լավ գիտեմ Հայաստանում Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ստեղծման պատմությունը եւ վստահորեն կարող եմ ասել, որ այս քաղաքական ուժը հասել է իր ճանաչման բարձրակետին վերջին երկու տարիների ընթացքում», - ավելացրել է Հայաստանի առաջին նախագահը: Նա նաեւ նշել է, որ ներկայում տարվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կուսակցությունը ճիշտ դիրքորոշում ունի, քանի որ նա արդեն ասել է իր վճռական «ոչը» այդ հարցի վերաբերյալ: Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ հույս է հայտնել, որ ՍԴՀԿ-ն ուժ կգտնի ներքին տարաձայնությունները լուծելու համար եւ ակտիվորեն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ: Լեւոն Տեր-Պետրոսյան 1991-1998 թթ. Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն էր: 1988 թ. փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, իսկ մայիսից անդամագրվել է Հայաստանի ղարաբաղյան շարժման «Ղարաբաղ» կոմիտեին: 1988 թ. դեկտեմբերից մինչեւ 1989 թ. մայիսը կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է: 1989 թ. նոյեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման անդամ, այնուհետեւ նախագահ: 1989 թ. օգոստոսի 27-ին Լ. Տեր-Պետրոսյանը ընտրվել է Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1990-91 թթ. ընտրվել է Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ: 1991 թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ: 1996 թ. սեպտեմբերի 22-ին վերընտրվել է երկրորդ անգամ: 1998 թ. հրաժարական է տվել` Հայաստանի ղեկավար մարմինների եւ ԼՂՀ իշխանությունների հետ ղարաբաղյան հարցում անհամաձայնության պատճառով: 2008 թ. մասնակցել է Հայաստանում նախագահական ընտրություններին եւ պարտվել է` մրցակցելով Սերժ Սարգսյանի հետ: Հիմնադիրն է Հայ ազգային կոնգրեսի` Հայաստանի քաղաքական դաշտում գլխավոր ընդդիմադիր ուժի ստեղծման:

No comments: