Thursday, February 18, 2010

ԱՊԱԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 18-2-2010- Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ Հայաստանի ապագա ընդդիմությունն ու իշխանությունը գտնվում են Հայ ազգային կոնգրեսում: Նախկինում բազմիցս հայտնած իր այդ տեսակետը մանրամասնելու մասին լրագրողների հարցին ի պատասխան, Դավիթ Շահնազարյանն ասել է, որ ներկայիս իշխանության մեջ գտնվող ուժերը չեն կարող լինել ընդդիմություն, որովհետեւ նրանք քաղաքական ուժեր չեն: “Նրանք մեկ օր ի վիճակի չեն լինելու ընդդիմություն լինել, որովհետեւ քաղաքական բովանդակության իսպառ բացակայություն է”, ասում է Դավիթ Շահնազարյանը: Հարցին, թե իսկ ինչպես է որոշվելու, թե կոնգրեսից ով է ընդդիմություն, իսկ ով իշխանություն, Շահնազարյանը պատասխանել է.“Ընտրությունների միջոցով պարզվելու է կոնգրեսում, իշխանափոխությունից հետո իհարկե, որ մասն է իշխանություն, որ մասն է ընդդիմություն”: Իսկ ինչին են ընդդիմադիր լինելու կոնգրեսի մեջ եղած “ապագա ընդդիմադիրները”, փորձել են պարզել լրագրողները: “Գաղափարական, ծրագրային: Ախր դուք ստիպում եք ինձ պարզ ճշմարտություններ ասեմ: Կոնգրեսը ձեւավորվել է, այսինքն մեծ թվով կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ միավորվել են երկու խնդրի շուրջ: Երբ այդ երկու խնդիրը լուծվեց, պարզ է, որ ապագա Հայաստանում ձեւավորվելու է իշխանություն, ձեւավորվելու է ընդդիմություն, իրար փոխելու են այդ դերերում: Քանի որ ըստ էության այլ քաղաքական ուժեր չկան, բացի իշխանությունից եւ նոմենկլատուրային ընդդիմությունից, այսինքն ակնհայտ է դառնում, որ ապագա Հայաստանի թե իշխանությունը, թե ընդդիմությունը կոնգրեսում են: Եթե դուք ասեք` ոչ, այսօրվա իշխանության մեջ գտնվող կուսակցությունները դառնալու են ընդդիմություն, ես ձեզ հետ չեմ վիճի, դա կլինի ձեր տեսակետը: Բայց նման ապագա կարծում եմ մեզ չի սպասում”, ասում է Դավիթ Շահնազարյանը:

No comments: