Wednesday, February 17, 2010

Ժամանակն ի վնաս Թուրքիայի է աշխատում. Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ

Tert.am. 17-2-2010- Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Սոյաքը թուրքական Aksiyon հանդեսի հետ հարցազրույցում ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը խցանվել է, միևնույն ժամանակ, հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հաղթահարել առաջ եկած խնդիրները: Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահը նշել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդրի կարգավորման հարցում աննախադեպ և համարձակ քայլեր է իրականացնում հայաստանյան ներկայիս վարչակազմը: «Մինչև օրս մի շարք իշխանությունների հետ ենք աշխատել, սակայն նրանցից ոչ մեկը խնդրի կարգավորման համար այսքան ազդեցիկ քայլեր չի կարողացել իրականացնել: Այո, գործընթացը խցանված է, սակայն հնարավոր կլինի այն հաղթահարել: Թուրքիան պետք է իր դիրքորոշումը բացատրի ինչպես թուրք, այնպես էլ ադրբեջանական հասարակություններին: Սակայն, ցավոք, Անկարային դա դեռևս չի հաջողվել իրականացնել: Դրա հետ մեկտեղ պետք է ակտիվացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում գերիշխող պետություն է: Առանց նրան համոզելու` հնարավոր չէ կարգավորում ղարաբաղյան հիմնախնդրում»,- հայտարարել է Քաան Սոյաքը: Սոյաքի կարծիքով` այն բանից հետո, երբ Երևանը Սահմանադրական դատարանի որոշումից հետո Արձանագրություններն ուղարկեց խորհրդարան, ժամանակն սկսեց ի վնաս Թուրքիայի աշխատել: Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահի համոզմամբ` Թուրքիան պետք է մինչև ապրիլի 24-ը Արձանագրությունները մտցնի խորհրդարանի օրակարգ, այլապես հնարավոր է` լուրջ խնդիրներ առաջ գան: Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հնարավոր ընդունման մասին` Սոյաքը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը կասեցնելու համար Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրականացնելիք քայլերով պետք է օգնի Օբամային: «Եթե Թուրքիան ապրիլի 24-ից առաջ մի քանի քայլ իրականացնի, Օբամայի համար ավելի հեշտ կլինի կանխել հնարավոր աղետը: Հակառակ դեպքում Թուրքիան կհայտնվի դժվարին իրավիճակում»,- հայտարարել է Սոյաքը:

No comments: