Panorama.am. 24-2-2010- Թուրքական «Zaman» թերթը «Թուրքիայի արտաքին քաղաքականության փակուղին. Արձանագրություններ և լուծում» ընդարձակ հոդվաով անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի նախկին ու ներկա զարգացումներին:
Ցյուրիխում ստորագրված «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունները, ըստ «Zaman»-ի, մեծ հաշվով չարդարացրեցին Անկարայի ակնկալիքները, քանի որ Թուրքիան սպասում էր, որ վերջապես կազատվի Ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի թիրախը լինելուց, կազատվի 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն բնորոշելու ամերիկյան կողմի սպառնագին ճնշումներից: Իսկ Հայաստանի նպատակը սահմանների բացումն էր, տնտեսության վերականգնումը և Ղարաբաղի հարցը հայ-թուրքական գործընթացից տարանջատելը:
Հիշեցնելով Հայաստանի Սահմանդրական դատարանի (ՍԴ) ընդունած որոշումը և Թուրքիայի արտգործնախարարության հակադարձած բողոքի հաղորդագրությունը, թերթը հարց է բարձրացնում. մի°թե Թուրքիան հայտնվել է դժվարին իրավիճակում: Բանից պարզվում է` այո: Եվ ահա թե ինչու.
«Հայաստանի ՍԴ-ի ընդունած որոշման վերաբերյալ թուրքական կողմի առարկությունները ոչ մի պետության աջակցության չարժանացան: Թուրքիայի առարկությունները ոչ Միացյալ Նահանգների, ոչ էլ միջնորդ պետության` Շվեյցարիայի կողմից լուրջ չընդունվեցին: Դեռ մի բան էլ արտմամուլում լայնորեն տարածվեց այն տեսակետը, համաձայն որի, Թուրքիան, որպես պատրվակ օգտագործելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, խոչընդոտ է հարուցել կարգավորման գործընթացի համար»,- ընդգծում է թուրքական թերթը, միևնույն ժամանակ անհանգստություն հայտնելով, որ արձանագրությունների շուրջ ստեղծված իրավիճակը վտանգի տակ է դրել թուրքական պետության հեղինակությունը որպես այդպիսին: «Zaman»-ի բնորոշմամբ` Թուրքիան Ադրբեջանում և երրորդ երկրներում արդեն «խաբեբա» պետության համբավ է ձեռք բերել:
«Ի տարբերություն նոր-նոր անկախություն ձեռք բերած Հայաստանի, 1000 տարվա պետականության փորձ ունեցող Անկարան է, ցավոք, հայտնվել դժվարին կացության մեջ», -գրում է թերթը և ընդգծում, որ առկա փակուղուց դուրս գալու, խաբեբա պետության խարանից ազատվելու համար Թուրքիան երեք տարբերակ ունի: Ընդ որում ստորև նշված երեք ուղիների ամենառացիոնալը, «Zaman»-ի գնահատմամբ, երրորդն է:
1. Որպես հակազդեցություն Հայաստանի ՍԴ-ի ընդունած որոշման` արձանագրությունները պետք է չներառել մեջլիսի օրակարգում:
2. Արձանագրությունները տանել խորհրդարան և քվեարկությամբ մերժել հետևյալ պատճառաբանություններով
ա) Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հակասում է արձանագրությունների ոգուն:
բ) Ղարաբաղյան հարցում չկա առաջընթաց:
3. Արձանագրությունները մտցնել խորհրդարանի օրակարգ և Հայաստանի ՍԴ-ի պես վերապահումներով մի որոշում ընդունել:
Wednesday, February 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment