Sunday, March 7, 2010

ԹԻՎ 252` ՊԱՏԱՍԽԱՆ ԹՈւՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻՆ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունումը չպետք է հանգստացնի հայությանը, առաջին հերթին նրանց, ովքեր մերժելի և դատապարտելի են համարում հայ-թուրքական զույգ արձանագրությունները: Հակառակը` արձանագրությունների վավերացման դեմ հանդես եկող քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, անհատ հայերը պետք է բազմապատկեն իրենց ջանքերը, որպեսզի ներկա տեսքով այդ փաստաթղթերը չվավերացվեն և չմտնեն ուժի մեջ: Նախ տեսնենք, թե ինչպես արձագանքեցին թիվ 252 բանաձևին Հայաստանում: Բանաձևի ընդունումից րոպեներ անց տարածվեց Հայաստանի արտգործնախարարի գրավոր հայտարարությունը, որտեղ ասվում էր. “Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունումը: Այն համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության ևս մեկ վկայություն է և կարևոր քայլ է մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին”: Հայաստանի արտգործնախարարությունը չէր կարող լռել, այլապես կհայտնվեր անհեթեթ վիճակում, առանց այն էլ հնչող բազում քննադատություններին կավելանային նորերը: Նրանք, ովքեր ուշադրությամբ հետևում են հայ-թուրքական գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ամերիկահայ կառույցների աշխատանքին, հասկանում են, որ թիվ 252 բանաձևի ընդունման հետ պաշտոնական Երևանը որևէ կապ չուներ, որ Հայաստանը որևէ ճիգ չի գործադրել: Ավելին` ամերիկահայ կառույցների մեծագույն ճիգերի գնով ձեռք բերված այս բանաձևի ընդունումը հավասարապես պատասխան էր Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին, որոնք զույգ արձանագրությունների ստորագրումով պատրաստվում են քննել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին և դրան հաջորդող տարիներին: Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունը, ինչպես և սպասվում էր, իր անդամների շուրթերով անմիջապես հայտարարեց, թե տեսնում եք, արձանագրությունները խոչընդոտ չեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Ստիպված ենք կրկնել` թիվ 252 բանաձևը ընդունվեց ամերիկահայ կառույցների և առաջին հերթին Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի անհավատալի ճիգերի շնորհիվ: Ավելին` այդ բանաձևը կարող էր և չընդունվել, քանի որ դրան կտրականապես դեմ էին Թուրքիայի և Միացյալ Նահանգների իշխանությունները, իսկ Հայաստանի իշխանությունը շունչը պահած սպասում էր: Քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ այդ բանաձևը ընդունվեց մի վերջին հարվածով: Հանրապետական կուսակցության ղեկավարները մեկ այլ պնդում են անում, թե 252 բանաձևի ընդունումով Վաշինգտոնը ճնշում է բանեցնում Անկարայի վրա, որպեսզի վերջինս չձգձգի և վավերացնի արձանագրությունները: Այս տեսակետը չի դիմանում որևէ քննադատության, քանի որ նախագահ Բարաք Օբաման, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրապարակավ ամեն ջանք գործադրեցին, որպեսզի բանաձևը չընդունվի: Թող զարմանալի չհնչի, բայց ես գիտեմ Հայաստանի իշխանություններին մոտ կանգնած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքագետների, լրագրողների, ովքեր շունչները պահած սպասում էին` հանկարծ ամերիկյան կոնգրեսում հայկական բանաձև չընդունվի: Այս մարդիկ, մի մասը գուցե անկեղծորեն, հավատում են, որ հայ-թուրքական զույգ արձանագրությունները բխում են Հայաստանի պետական շահերից և ափսոսում են` հանկարծ որևէ այլ գործընթաց, անգամ Հայոց ցեղասպանությունը, չխոչընդոտի հայ-թուրքական մերձեցմանը: Իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խանգարում է մեկ բան` Թուրքիայի չկամությունը և Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու դիմաց Հայաստանից զիջումներ կորզելու նրանց բացահայտ և անպատկառ կեցվածքը: Թուրքերը երկու արձանագրություններով արդեն իսկ ստացել են երեք նախապայմաններից երկուսի բավարարումը` Հայաստանը ճանաչել է Կարսի 1921թ. պայմանագրով հայ-թուրքական սահմանները (ճիշտ է, արձանագրություններում չկա Կարս անունը, սակայն այդ անունը չեն տեսնում միայն նրանք, ովքեր ուղղակի չեն ուզում տեսնել), Հայաստանը Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ համաձայնվել է Թուրքիայի հետ քննարկել, թե ինչ է տեղի ունեցել նախորդ դարասկզբին: Ստանալով երկու նախապայմանների բավարարումը` Թուրքիան ամիսներ շարունակ ձգձգում է արձանագրությունների ստորագրումը, քանի որ ուզում է ստանալ նաև երրորդ նախապայմանի բավարարումը` առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հարցում: Մենք գիտենք, թե թուրքերի համար ինչ ասել է “առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կլարգավորման հարցում”: Վերադառնալով թիվ 252 բանաձևին և հայ-թուրքական երկու արձանագրություններին, պիտի նկատենք, որ այսօր ստեղծվել է նոր իրավիճակ, իրավիճակ, որը կարող է ավելի մեծ վտանգներ պարունակել հայկական կողմի համար: Հայաստանի իշխանական որոշ և փորձագիտական շրջանակներում շարունակվում է շրջանառվել տեսակետը, թե չպետք է սպասել թուրքական կողմին, այլ անհապաղ անհրաժեշտ է Հայաստանի Ազգային ժողովում վավերացնել զույգ արձանագրությունները և Թուրքիային կանգնեցնել փաստի առաջ: Սա շատ վտանգավոր զարգացում կարող է լինել: 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերը հայկական կողմի համար պարունակում են անընդունելի մի քանի կետեր: Եթե Հայաստանը վավերացնի այդ արձանագրությունները, ապա հաջորդ իշխանություններին կժառանգի չափազանց ծանր փաստաթղթեր` անկախ նրանից՝ Թուրքիան կվավերացնի՞ այդ արձանագրությունները, թե չի վավերացնի: ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ

No comments: