Wednesday, March 3, 2010

Սպիտակ տունը խախտեց լռությունը. Հայոց ցեղասպանության հարցում Օբամայի դիրքորոշումն անփոփոխ է

Tert.am. 3-3-2010- Միացյալ Նահանգները կողմ է, որ իրողությունները արդարացիորեն ընդունվեն: Այս մասին TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայքլ Համմերը: Ի պատասխան թուրք լրագրողի այն հարցին, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հարցում «ինչո՞ւ Սպիտակ տունը մինչև հիմա չի խախտել լռությունը», Մայքլ Համմերը հայտարարել է. «Նախագահ Օբաման 2009թ. ապրիլքսանչորսյան իր ուղերձում հստակ ներկայացրեց 1915-ի իրադարձությունների առնչությամբ իր դիրքորոշումը, որը չի փոխվել: Մենք կողմնակից ենք, որ իրողությունները արդարացիորեն ընդունվեն: Մենք շարունակում ենք հավատալ, որ այդ նպատակին հասնելու ամենանպաստավոր ճանապարհը հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին զուգահեռ անցյալի իրադարձությունների քննարկումն է: Մենք շարունակելու ենք աջակցել այդ ջանքերին»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Թուրքական մամուլը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկության նախօրեին արված այս հայտարարությունը որակել է «շոկային»: Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի նախագիծը:

No comments: