Saturday, March 13, 2010

Ղուլյան. Քանի դեռ ղարաբաղյան կողմի մասնակցությունն ապահովված չէ, գործընթացն արագացված կարգով չի լուծվի

Tert.am. 12-3-2010- Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում այսօր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի հետ։ Հանդիպումից հետո Ղուլյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել են ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ «Որևէ նորություն չկա, քանի որ վերջին մի քանի տարիներին հանդիպումների ընթացքում ներակայացվում է նույն դիրքորոշումը, որը հնչեցնում են ԼՂՀ և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները»,– ասաց Ղուլյանը։ Նա հայտնեց, որ հանդիպմանը ինքը նշել է, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն այն ժամանակ, եթե Ղարաբաղը կրկին նստի բանակցությունների սեղանի շուրջ և ներկայացնի իր դիրքորոշումները։ «Քանի դեռ ղարաբաղյան կողմի մասնակցությունն ապահովված չէ, գործընթացն արագացված կարգով չի լուծվի»,- ասաց նա։ Միաժամանակ, Ղուլյանը նշեց, որ ցանկացած հակամարտության արագացված կարգով լուծումը մեծացնում է սխալներ թույլ տալու հավանականությունը։ Հարցին, թե ինչու հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանում և ոչ թե Ղարաբաղում, Ղուլյանը պատասխանեց, որ հյուրերը դա բացատրել են իրենց խիտ գրաֆիկով։ Ղուլյանը հայտնեց, որ Սուարեշը խոստացել է հաջորդ այցելության ժամանակ անձամբ լինել Ղարաբաղում և ծանոթանալ այնտեղ տիրող իրավիճակին։ «Հանդիպման ընթացքում ես որևէ ճնշման կամ համոզմունքներ թելադրելու փորձ չեմ զգացել։ Ընդհակառակը, զգացել եմ նրա կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու ցանկություն»,– ասաց Ղուլյանը։

No comments: