Monday, March 8, 2010

Կանանց շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Մարտի 8-ին, Կանանց օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մարտի 8-ի տոնական առիթով: Մեր մաղթանքն է, որ ընտանեկան հարկից ներս և արդի ժամանակներում նաև պետական-հասարակական անդաստանում նշանակալի դերակատարություն ունեցող կանայք Աստծո օրհնությամբ արդար ու բարի արգասիքներով արդյունավորեն իրենց առաքելությունը, նոր ձեռքբերումներով և հաջողություններով զարդարեն իրենց, մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքը: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի բոլոր տիկնանց և օրիորդաց, նրանց սրտերում միշտ զորավոր պահի հավատքն առ Աստված, անմնացորդ նվիրումի ու հավատարմության ոգին առ Հայրենին և ընտանիքը: Երկնային շնորհներ, երջանիկ ու օրհնյալ կյանք Ձեզ, սիրելի մայրեր և քույրեր»: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

No comments: