Saturday, March 6, 2010

ԻՆՉ ԿԼԻՆԻ ԲԱՆԱՁԵՎԻՑ ՀԵՏՈ

Լրագիր- 5-3-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Այն անշուշտ ոգեւորություն է առաջացնելու Հայաստանում ու Սփյուռքում: Որոշումն ընդունվեց մի իրավիճակում, երբ հայ-թուրքական կարգավորումը մտել էր գրեթե փակուղի: Հայկական կողմը մեղադրում է Թուրքիային արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար, ինչի մասին բանաձեւի քվեարկությունից մի քանի ժամ առաջ հայտարարել էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր հերթին, թուրքերն իրենց քաղաքականությունը պայմանավորում են Ղարաբաղի հարցում առաջընթացի հետ: Ինչ կլինի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այս որոշումից հետո: Թուրքիայի պատասխանատուներն արդեն հայտարարել են, թե քվեարկության նախօրեին, թե դրանից հետո, որ բանաձեւի ընդունումը վնասելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Մինչ այդ, Թուրքիան, Ադրբեջանի ճնշման տակ, կարգավորումը պայմանավորում էր ղարաբաղյան խնդրի առաջընթացով: Ներկայում, Թուրքիայի համար առաջանում է եւս մեկ խնդիր` բանաձեւի քննարկումն արդեն Կոնգրեսի լիագումար նիստում: Իր հերթին, ԱՄՆ ղեկավարությունը բազմիցս փորձեր էր անում համոզելու Թուրքիայի ղեկավարությանը, որ հայ-թուրքական կարգավորումը չկապեն Ղարաբաղի խնդրի հետ: Արդյոք Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բանաձեւը եւ այն լիագումար նիստում քննարկելու հեռանկարը կստիպեն Թուրքիային հրաժարվել ղարաբաղյան նախապայմանից: Եւ արդյոք այս որոշումն ուղղված չէ նրան, որ Թուրքիան ձերբազատվի Ադրբեջանի ճնշումից, վերջինիս մեղադրելով Անկարային լուրջ խնդիրների առջեւ կանգնեցնելու համար: Մյուս կողմից, բավական հետաքրքիր էր քվեարկության ընթացքը: Կար մի պահ, երբ բանաձեւին դեմ ձայները հասել էին կրիտիկական կետի, եւ գրեթե կրկնակի գերազանցում էին կողմերին: Բավական էր եւս մեկ ձայն, որպեսզի բանաձեւը չանցներ: Սակայն հետագայում կողմ քվեարկողները դահլիճ էին մտնում իրարից բավական ուշ, մինչեւ որ կողմ ձայները 1-ով ավելացան: Մնացել էր վերջին կոնգրեսականը, որը սակայն այդպես էլ չքվեարկեց, եւ բանաձեւն ընդունվեց: Այնպիսի տպավորություն էր, որ այդ ողջ ընթացքում ԱՄՆ եւ Թուրքիայի ղեկավարներն ակտիվ բանակցությունների մեջ են եղել, եւ թերեւս համաձայնության չեն հասել ինչ որ հարցերում: Հիշենք, որ մինչ քվեարկությունը լուրեր էին տարածվում այն մասին, թե վարչակազմը ճնշում է բանեցնում կոնգրեսականների վրա: Միայն թե հայտնի չէր, թե որ «ուղղությամբ»: Ինչեւէ, բանաձեւն ընդունվել է, եւ այն Հայաստանի համար ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան լուծումներ: Ինչպես են իրենց նոր իրավիճակում պահելու ԱՄՆ եւ Թուրքիան, արդյոք ընդառաջելով բանաձեւի ընդունմանը, ԱՄՆ Հայաստանից չի պահանջի «փոխհատուցում» ինչ որ հարցերում: Իրավիճակը բավական բարդանում է, հաշվի առնելով այն, որ Թուրքիան հայտարարում է իր համար արտաքին քաղաքականության «այլ տարբերակների ու ուղղությունների» մասին, չխորշելով նաեւ ուղղակի սպառնալիքներից: Հայաստանը եւ Սփյուռքի լոբբիստական կազմակերպություններն, իհարկե, չպետք է գերագնահատեն բանաձեւի ընդունումը, որն ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում: Ընդհանրապես, ԱՄՆ այն պետությունը չէ, որ քաղաքականության մեջ որոշումներ ընդունի լոբբիզմի ազդեցության տակ, եւ թերեւս սրա հետ ոչ ոք չի վիճի: Ըստ այդմ, հայկական լոբբիստական կազմակերպությունները թերեւս պետք է փոխեն իրենց գործունեության տրամաբանությունն ու ուղղվածությունը, ողջ ռեսուրսն ուղղելով առաջին հերթին Հայաստանը ժամանակակից, մրցունակ պետություն դարձնելուն: Մի պետություն, որն ի վիճակի լինի պաշտպանել իր շահերը: Հակառակ պարագայում, անիմաստ է դառնում որեւէ բանաձեւի ընդունումը, որովհետեւ միշտ առաջանում է չարագուշակ հարցը` լավ, ընդունվեց, իսկ հետո՞: Հետոն հենց Հայաստանի այնպիսի պետությունն է, որ կարողանա տեր կանգնել սեփական ճակատագրին, սեփական ժողովրդի, հայության ձգտումներին: Կարո՞ղ ենք դա անել:

No comments: