Saturday, March 6, 2010

ԱՄՆ-ը Թուրքիայի պատճառով չի ուզում վատացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ

News.am. 6-3-2010- Միացյալ Նահանգները չէր ուզի, որ Կոնգրեսում ընթացող քնարկումներն ազդեին Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա։ Այս մասին Trend News-ին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի ղեկավար Թերրի Դեվիդսոնը։ «Մենք ռազմավարական գործընկերներ ենք, եւ համատեղ աշխատելով, շատ բաներ ենք անում երկու երկրների զարգացման համար։ Նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնը հստակորեն հայտարարել են այն մասին, որ Կոնգրեսը 1915 թվականի տեղի ունեցած իրադարձությունները քննարկելու վայր չէ։ Նրա խոսքով, թուրք եւ հայ ժողովուրդները, հասարակությունները եւ պատմաբանները պետք է ուսումնասիրեն պատմությունը՝ ապագային նայելով»,-հայտարարել է Դեվիդսոնը։ Դեսպանն ասել է, որ ԱՄՆ աջակցում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, ինչն էլ հիմք է տալիս 1915 թվականների իրադարձությունների մասին երկխոսություն ծավալելու։ Դեվիդսոնի կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը դժվար թե նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ «Այդ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, խաղաղության եւ զարգացման ապահովմանը»։ Հիշեցնենք, որ երեկ մի շարք ադրբեջանցի խորհրդարանականներ առաջարկել էին հետ կանչել ԱՄՆ-ում իրենց դեսպանին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման պատճառով։

No comments: