Wednesday, March 10, 2010

ԱՄՆ դեսպանատուն. «Խիզախ կին» մրցանակը` Մարիամ Սուխուդյանին

Aysor.am. 10-3-2010- 2010 թ. մարտի 10-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը առաջին անգամ «Խիզախ կին» մրցանակը հանձնեց քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Մրցանակը Մ.Սուխուդյանին շնորհվել է «շրջակա միջավայրի և հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը և արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվության, խիզախության և առաջնորդության ցուցաբերման համար»` շեշտադրելով վերջինիս սխալը ուղղելու «վճռականությունը անձնական զոհողությունների գնով»: ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը և Մարիամ Սուխուդյանը: ԱՄՆ պետքարտուղարի Միջազգային խիզախ կանայք մրցանակային ծրագիրը մեկնարկել է 2007թ., և այս տարի` չորրորդ մրցանակաբաշխության մրցանակի հանձնումը ուղղված է այն կանանց, ովքեր աննախադեպ քայլեր են ձեռնարկել և անհաղթահարելի խոչընդոտներ հաղթահարել հանուն հավասարության, հնարավորության և արդարության: Չնայած Սուխուդյանը չի ընդգրկվել եզրափակիչ փուլի այն յոթ ընտրյալների ցանկում, ովքեր պետք է ստանան ԱՄՆ պետքարտուղարի մրցանակը, ԱՄՆ դեսպանատունը ճանաչել է Սուխուդյանին դեսպանատան կողմից շնորհվող «Խիզախ կին» մրցանակի հաղթող` ի պատիվ նրա բոլոր ջանքերի թե’ որպես շրջակա միջավայրի և թե’ որպես հատուկ կարիքներով երեխաների իրավունքների պաշտպան: Իր ելույթում, ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչը նշեց, որ Սուխուդյանը «քարոզարշավ է կազմակերպել` պաշտպանելու Հայաստանի անտառները, բնությունը և շրջակա միջավայրը: Նա, որպես կամավոր աշխատել է հատուկ կարիքներով երեխաների դպրոցներում, և, հայտնվելով Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում և պարզելով, որ այնտեղ գտնվող երեխաները անտեսված են և ենթարկվում են բռնության, քայլեր է ձեռնարկել դրանք կանխելու համար…ոչ ի օգուտ իրեն, այլ հանուն արդարության և Հայաստանում ապրող երեխաների բարօրության»: ԱՄՆ-ի դեսպանը նաև շնորհավորեց միջոցառման մասնակից բոլոր կանանց Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:

No comments: