Wednesday, March 3, 2010

Թուրքերը ակնկալում են, որ վերջին պահին Օբամայի հեռախոսազանգը կտապալի Ցեղասպանության բանաձևի ընդունումը

Panorama.am. 3-3-2010- Թուրքական «Վաթան» (Vatan) թերթը, նշելով, որ վաղը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկվելիք Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կանխելու համար Անկարան շարունակում է աշխատանքներ իրականացնել, ուշադրություն է հրավիրում Սպիտակ տնից ստացված մեկնաբանության վրա: Թուրքական լրատվամիջոցն այն համարել է շոկային թուրքերի համար: Այսպես` Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայք Համմերն ասել է. «2009 թվականի իր ապրիլքսանչորսյան ուղերձում Օբաման ընդգծել էր, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ունեցած իր տեսակետը չի փոխվել: Մենք կողմն ենք իրողության ճշմարիտ և արդարացի ընդունմանը: Շարունակում ենք հավատալ, որ այդ նպատակին տանող ամենալավ ճանապարհը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերի շրջանակներում է լինելու անցյալում տեղի ունեցած իրադարձություններ քննարկումը: Մենք շարունակելու ենք աջակցել այդ ջանքերին»: «Vatan»-ը նկատել է տալիս, որ չնայած այս հայտարարությանը, ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորներից կազմված թուրքական խորհրդարանական պատվիրակությունները և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը Վաշինգտոնում լայնածավալ լոբբիստական գործունեություն են իրականացնում ընդդեմ բանաձևի ընդունման: Մասնավորապես թուրք դեսպանն այդ նպատակով հանդիպումներ է ունենում ազդեցիկ հրեական կազմակերպությունների հետ: Աղբյուրի տեղեկացմամբ` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կա 46 պատգամավոր: Նրանցից 26-ը իշխող Դեմոկրատական կուսակցությունից են, 20-ը` Հանրապետական: Դեմոկրատներից 18-ը վճռականորեն «այո» են ասում այդ բանաձևին: Իսկ հանրապետականներից Ցեղասպանության բանաձևի ընդունմանը կողմ է 7 պատգամավոր: Սպասվում է, որ 25 կողմ 21 դեմ քվեարկության արդյունքներով բանաձևը կանցնի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ: Բայց կընդգրկվ,արդյոք, լիագումար նիստի օրակարգում, թե ոչ, դա կախված կլինի Պալատի նախագահ Նենսի Փելոսիից: Իսկ վերջինիս ընտրվել է Կալիֆորնիայից, որտեղ հոծ հայություն կա: Փելոսին մշտապես աջակցել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը: «Սակայն սպասվում է, որ վերջին պահին նախագահ Օբամայի հեռախոսազանգը կփոխի իրերի ընթացքը»,- գրում է թուրքական լրատվամիջոցը.

No comments: