Wednesday, March 10, 2010

ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 10-3-2010- Հայաստանի տնտեսությունը գոյատեւում է միայն դրսից ստացվող բազմամիլիոն վարկերի շնորհիվ: Հակառակ պարագայում, հարկային մուտքերի, տրանսֆերտների եւ ուղղակի ներդրումների զգակի կրճատման պայմաններում դժվար թե հնարավոր լիներ պահպանել հավասարակշռությունը եւ բյուջեն: Համենայնդեպս, շարքային քաղաքացուն հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ է անում կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու, մարդկանց սոցիալական վիճակը պաշտպանելու համար եւ ուր է մտադիր տանել տնտեսությունը: Ոչ հրապարակայնությունը մեր տնտեսության դեմքն է, իսկ հրապարակված ծրագրերը քննարկվում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական տեսանկյունից: ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը գտնում է, որ ճգնաժամը հաղթահարելու ամբողջական ծրագիր որպես այդպիսին չկա: Մեր կառավարությունը առաջարկներ չի մտցրել բյուջետային փոփոխությունների մասին: Երկրի ղեկավարությունը, միջոցներ ներգրավելով արտասահմանից, ընդամենը ձգտում է լրացնել տնտեսական անկման արդյունքում առաջացած բյուջեի ճեղքվածքը, ասել է Արա Նռանյանը: Համարժեք հակաճգնաժամային ծրագրի մասին ասվում է նաեւ Սիվիլիթաս հիմնադրամի 2009 թ. զեկույցում: Հիմնադրամը գտնում է, որ խթանման միջոցների փաթեթն ուղղված է ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի խրախուսմանը, իսկ հարկաբյուջետային եւ ֆինանսավարկային քաղաքականությունն անհրաժեշտ էր բաց թողնել: Հիմնադրամը գտնում է, որ հարկային մուտքերն իրականացվում են չափազանց կոշտ եւ ընտրովի, միջազգային վարկերը եւ օգնությունն օգտագործվում են անարդյունավետ, բաց է թողնվել բարեփոխումների հնարավորությունը: Հիշեցնենք, որ կառավարությունը որպես հակաճգնաժամային միջոց առաջարկել է մակրոտնտեսական ու ֆինանսական կայունության, աշխատատեղերի պահպանման եւ արտաքին ֆինանսավորման հաշվին պետական ծախսի ավելացման միջոցառումներ: Բացի դրանից, կառավարությունն առաջարկել է խոշոր ծրագրեր, ինչպես նոր ատոմակայանի շինարարությունը, վրացական սահմանից իրանական սահման հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, Իրան-Հայաստան երկաթուղին, աղետի գոտու վերականգնումը: Առաջարկվել է նաեւ հարկային ստուգումների քանակի կրճատում, փոքր եւ միջին բիզնեսի համար վարկային միջոցների մատչելիության ապահովում, միջազգային կազմակերպություններից ֆինանսական միջոցների ներգրավմամբ: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, այս միջոցառումների հիմքում չկա կոնցեպտուալ պլատֆորմ, որը կարող էր ցույց տալ, թե ուր է գնում երկիրը: Ասենք, նույն Արա Նռանյանն առաջարկում է տնտեսության զարգացման սոցիալիստական ճանապարհ, պնդելով պետության դերի բարձրացումը տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծման հարցում: Փետրվարի 23-ին Հայ Ազգային կոնգրեսը հրապարակեց 100 քայլ ծրագիրը, որը սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային բարեփոխման ծրագիր է: Ծրագրի հեղինակ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդում է, թե դա չափավոր լիբերալիզմի մոտեցում է: Ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, որ մենք նահանջում ենք լիբերալ դիրքերից: Ներկայում մենք չափազանց հեռու ենք լիբերալ կամ սոցիալիստ լինելուց: Պետք է հաշվի նստենք, ինչ ունենք, ասել է Բագրատյանը: Նա գտնում է, որ եթե մտադիր ենք կիրառել ամբողջական տնտեսական քայլեր, ապա անհրաժեշտ է դիմել քաղաքական փոփոխությունների: Ծրագիրն ուղղված է երկրի արտաքին պարտքի աճը թույլ չտալուն եւ բոլոր լոմերցիոն բանկերը բաց բաժնետիրական ընկերությունների վերածելուն, հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի համար թեթեւացնելուն, արտահանման խթանմանը, հարկային դաշտի հավասարաչափ բաշխմանը, եւ այլն: Չնայած այն բանին, որ ծրագիրը դրվել էր հանրային քննարկման, տնտեսագետները առանձին ուշադրության չեն արժանացրել այն: Դա կապված է նաեւ քաղաքական մոտիվների հետ` այն, ինչ առաջարկել է ընդդիմությունը, ի սկզբանե անընդունելի է շատերի համար: Պատահական չէ, որ Կապիտալ թերթը Կոնգրեսի ծրագիրն անվանել է խոշոր բիզնեսի դեմ խաչակրաց արշավանքի հերթական փորձ: Լիբերալիզմի հիմքը ոչ թե օլիգարխների դեմ պայքարն է, այլ ազատ շուկայի եւ հավասար մրցակցության պայմանների ստեղծումը: Ծրագիրը կամ չի շոշափում դա, կամ հակասում է: Բացի դրանից, այն հիմնված է ոչ հավաստի տվյալների վրա: Ասենք, Բագրատյանը ասում է, թե փոքր ու միջին բիզնեսի բաժինը հարկային վճարումներում կազմում է 65-67 տոկոս, իրականում հարկերի 80 տոկոսն ապահովում է 300 խոշոր ձեռնարկություն, ասվում է տնտեսական պարբերականում: Թերթը նաեւ ակնարկում է Բագրատյանի ու Տիգրան Սարգսյանի հակասությունների մասին այն ժամանակաշրջանում, երբ առաջինը վարչապետ էր, երկրորդը` ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ եւ քննադատում էր Բագրատյանին: Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ծրագիրը համարում է նահանջ լիբերալիզմից: Ներկայում մենք ականատեսն ենք Հայաստանի բարեփոխումների հայր Հրանտ Բագրատյանի նահանջն այդ գաղափարախոսությունից, քանի որ նրա ներկայացրած ծրագիրն իր էությամբ սոցիալիստական է եւ շատ բաներով պոպուլիստական, ասել է նա, նշելով մի շարք վիճելի, հաճախ էլ անընդունելի դրույթները: Սիվիլիթաս հիմնադրամն առաջարկում է տնտեսական խնդիրների սեփական լուծումները, որոնց թվում են հարկային քաղաքականության օպտիմալացումը, ներքին ու արտաքին ներդրումների խթանումը, բանկերին վարկերի դրույքաչափերը նվազեցնելու խրախուսումը: Կառավարությունը կարող է հաղթահարել երկու խոչընդոտ, որոնք խանգարում են արտահանմանը, վերանայելով դրամի կուրսը պահելու քաղաքականությունն ու արտահանողներին կարճաժամկետ, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու մեխանիզմներ մշակելով: Անհրաժեշտ է նաեւ մեթոդներ կիրառել ոչ տնտեսական ոլորտից: Կարելի է օգտվել տնտեսական ճգնաժամից տնտեսական կլիման բարելավելու համար, երաշխավորելով օրենքի գերակայությունը, վերացնելով մոնոպոլիաները, բիզնեսի ու իշխանության սերտաճումը եւ իրականացնելով արդյունավետ ու կանխատեսելի կառավարում, ասվում է զեկույցում: Ինքը Հրանտ Բագրատյանը նույնպես գտնում է, որ 100 քայլի կենսագործումն անհնար է առանց քաղաքական որոշման: Նա ասում է, թե եթե իշխանությունը հայտարարի, որ պատրաստ է ազատվել մի քանի բաշիբոզուկներից, հասարակությունը կհավատա եւ կսկսի ինքնամաքրվել: Սակայն, Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե մտադիր է պայքարել ոչ թե օլիգարխների, այլ օլիգոպոլիաների դեմ: Ինչ է դա նշանակում, դեռ ոչ ոք չգիտի: Եւ այն պատճառով, որ ոչ հրապարակայնությունը մեր տնտեսության դեմքն է: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: